Ինչո՞ւ Իրանը չի հարվածում Թուրքիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին. փորձագետներ

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո Իրանը պատասխանեց հրթիռային և անօդաչու սարքերի գրոհներով՝ թիրախավորելով Պարսից ծոցի յոթ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները և նույնիսկ Կիպրոսի բրիտանական օբյեկտները: Սակայն թուրքական «Ինջիրլիք» և «Քյուրեջիք» բազաները, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը, մնացին լիովին անձեռնմխելի:

Շատերին է հետաքրքրում հարցը՝ ինչո՞ւ Իրանը չի հարվածում Թուրքիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին:

Հիմնական պատճառը Թուրքիայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին: Դրանց ուղղությամբ հասցված հարվածն ինքնաբերաբար կգործարկեր դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը. դա արդեն կլիներ ոչ թե լոկալ հակամարտություն, այլ պատերազմ 32 երկրներից բաղկացած ողջ դաշինքի դեմ:

Թուրք փորձագետները նման քայլն Իրանի համար համարում են «ծայրահեղ ռիսկային և անիմաստ արկածախնդրություն»: Մի բան է ցուցադրական հարվածներ հասցնել Ծոցի երկրներին, բոլորովին այլ բան՝ Թուրքիայի ուղիղ պատասխանի և լիակատար մեկուսացման վտանգը:

Անկարան ի սկզբանե պահպանում է հավասարակշռությունը և կոչ անում կանխել պատերազմը, այլ ոչ թե մասնակցել դրան: Էրդողանը դատապարտել է Իրանին հասցված հարվածները, առաջարկել միջնորդություն, փակել օդային տարածքը և ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին՝ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:

Հաքան Ֆիդանը խոսում է բանակցային գործընթացը պահպանելու և հակամարտության ընդլայնումը թույլ չտալու փորձերի մասին:

Կա նաև տեսակետ, որ Թեհրանը Թուրքիային դիտարկում է որպես հնարավոր միջնորդի: Թուրքիայի տարածքին հարվածելը կփակեր դեէսկալացիայի միակ խողովակը հենց այն պահին, երբ դա կարող է կենսական նշանակություն ունենալ:

Բացի այդ, Թուրքիային և Իրանին միավորում է ավելի քան 500 կմ երկարությամբ ընդհանուր սահմանը, էներգակիրների առևտուրը և զգայուն օրակարգը, ներառյալ՝ քրդական հարցը: Ուղղակի հակամարտությունը ռիսկեր կստեղծեր երկու կողմերի համար՝ սկսած անվտանգությունից մինչև տնտեսություն:

Կարևոր է նաև նշել, որ Անկարան ակտիվորեն պայքարում է ապատեղեկատվության դեմ. իշխանություններն արդեն երեք անգամ հերքել են Իրանի կողմից իրենց բազաների վրա հարձակումների մասին կեղծ լուրերը:

 

Հրապարակման պատրաստեց 168.am

Աղբյուրը՝  հղումով

 

 

Leave a Comment