Ուշքի՛ եկեք… . Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հ/կ նախագահ Անուշ Պողոսյանը Ֆեյսբուքյան իր էջում «ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐՃԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ» վերտառությամբ հրապարակման մեջ գրում է. «Տուբերկուլոզը համարվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն, ինչը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
ԱԱՊ-ում (Առաջնային առողջապահական օղակ) գործող տուբերկուլոզի կաբինետի բժիշկներն ու բուժքույրերը կատարում են ծանր, բարձր ռիսկային և հանրային նշանակության աշխատանք՝ իրականացնելով ոչ միայն տուբերկուլոզի բուժում, այլև կանխարգելում՝ հաճախ վտանգելով սեփական առողջությունն ու կյանքը։
Տուբերկուլոզի կաբինետը ԱԱՊ-ի շրջանակում ապահովում է՝

տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հսկողություն,

ամբուլատոր բուժման կազմակերպում,

բուժման շարունակական վերահսկում , հանրային առողջապահական հաշվառում։

ՏԲ կաբինետում սպասարկվում են՝ տուբերկուլոզով հիվանդներ (ակտիվ և բուժման փուլում), տուբերկուլոզով հիվանդի կոնտակտավորներ,ռիսկի խմբեր՝ ՄԻԱՎ ունեցողներ, քրոնիկ հիվանդներ, սոցիալապես խոցելի անձինք, ՏԲ-ի կասկածով ուղեգրված քաղաքացիներ։

Եվ այս պայմաններում այդ բուժաշխատողների աշխատավարձը կրճատվել է շուրջ 50 տոկոսով։

ՀՀ առողջապահության նախարարություն, եթե հիվանդությունը ճանաչված է որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող, ապա պետությունը պարտավոր է՝
ապահովել անվճար հետազոտություն, ապահովել անվճար բուժում և դեղորայք, չթողնել բուժման ֆինանսական բեռը քաղաքացու վրա, ապահովել համապատասխան մասնագետների կողմից շարունակական հսկողություն։

Իսկ սա նշանակում է մեկ բան․ այդ ծառայության ֆինանսավորումն ու բուժաշխատողների վարձատրությունը պետք է իրականացվի բացառապես PER CAPITA սկզբունքով, ոչ թե «ապահովագրական խորհրդատվությունների», հաշվետվական մանիպուլյացիաների կամ թվային իմիտացիաների միջոցով։

Հ․ Գ․

Ինչպես կասեր դասականը՝ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ…»:

Leave a Comment