Ինչպես արդեն գրել ենք, որ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը և՛ 2025 թվականին, և՛ 2026 թվականին ներկայացրած զեկույցներում մեծ տեղ է հատկացրել հիբրիդային պատերազմի թեմային: Ավելին, վերջին զեկույցում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած այդ կառույցը նույնիսկ հարկ է համարել առանձին հատվածով բացատրել՝ ինչ ասել է հիբրիդային պատերազմ: Եվ ոչինչ, որ հետո ՀՀ իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ է օգտագործել ոչ թե «հիբրիդային պատերազմ», այլ՝ «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը: Օրինակ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ մեղադրող Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվա, Լավրովի մոտ գնալուց առաջ:
Եվ փետրվարի 27-ին Անվտանգության խորհրդի նիստին առնչվող հաղորդագրության մեջ հենց այս ձևակերպումն է՝ «նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ–ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին…»:
Թե ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, կարող ենք ենթադրել, հաշվի առնելով՝ ում կամ ո՞ր երկրի որոշակի շրջանակներից են ՀՀ իշխանությունները հիբրիդային սպառնալիքներ տեսնում և սպասում, և այն փաստը, որ «Ազատության» տրամադրության տակ հայտնված Հայաստանի արտգործնախարարի նամակից պարզվել է՝ «Արարատ Միրզոյանն է Բրյուսելին խնդրել արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան»: Այդ մասին, նախ, հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ասելով. «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։
«Նախկինում ևս Եվրամիությունն անգամ ֆինանսական հատկացման մասին էր խոսել՝ ապատեղեկատվության դեմ, հիբրիդային հարձակումների դեմ Հայաստանին աջակցելու համար, սա մեծ հաշվով թեմայի շարունակությունն է», – հաստատել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը, ՀՀ իշխանությունն Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար դեմքերի, պետական քարոզչամեքենայի գործողություններն ու տեղեկատվական քայլերը ոչ մի կերպ չեն ցանկանում դիտարկել Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ: Եվ շատ իզուր, եթե անգամ թվում է, որ դրանք ուղղված են հայաստանյան «ռևանշիստներին» (Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինյանի ընդդիմախոսներին անվանում են «ռևանշիստներ» և «5-րդ շարասյուն»), այնուամենայնիվ դրանք ևս Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ են, քանի որ առնվազն միջամտություն է ներքին քաղաքական կյանքին:
Ու քանի որ հիբրիդային պատերազմի համատեքստում ՀՀ իշխանությունների տեսադաշտում Թուրքիան ու հատկապես Ադրբեջանը չկան, այլ բացառապես Ռուսաստանն է, Բաքվի քարոզչամեքենան ավելի հեռուն է գնում:
Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած ռազմավերլուծական նախագիծ-լրատվամիջոց համարվող Caliber.az-ով հեռարձակվող Սամիտ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտություն» մարտի 2-ի թողարկմանն անդրադարձ է կատարվել հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից ռուս սահմանապահների դուրսբերմանը և հայաստանյան «ռևանշիստների նախընտրական գործողություններին՝ ռուսական հետքով»:
Ահա, թե ինչ է գրում ադրբեջանական քարոզչամիջոցը.
«…Չեմ բացառում ապակայունացում Հայաստանում՝ պրոռուսական ուժերի կամ «5-րդ շարասյան» միջոցով, Հայաստանում նրանք բավարար ներկայացուցիչներ ունեն: Իսկ էլեմենտար տրամաբանությունը հուշում է, որ նրանք սովորաբար ակտիվանում են ընտրությունների նախաշեմին: Եվ այստեղ կարելի է սպասել հնարավոր ամեն ինչ՝ Ալլահը պահպանի, ահաբեկչությունից մինչև զանգվածային անկարգություններ, ինչպես նաև՝ տեղեկատվական տարածք ֆեյքային լուրերի շրջանառում, և սա՝ իշխանություններին և նրա կողմնակիցներին վարկաբեկելու նպատակով: Ավելին, նման դեպքերում կիրառվող զինանոցային գործիքակազմը բավականին ընդգրկուն է՝ զանգվածային դեմոնստրացիա, սաբոտաժ, ապատեղեկատվություն, ինչո՞ւ չէ՝ ահաբեկչական ակտ: Ընդ որում, սպառնալիքի տակ կարող է հայտնվել ամեն հնարավորը՝ ջրամբարներ, երկաթուղային կայարան, օդանավակայան, էլեկտրահաղորդիչ գծեր, հեռահաղորդակցման գծեր… Իհարկե, ՀՀ իշխանությունները հիմար չեն և շատ լավ հասկանում են, թե ինչի են ընդունակ Ռուսաստանի համապատասխան օրգանները: Եվ հենց դրա համար էլ Հայաստանն արդեն դիմել է ԵՄ-ին՝ հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկել, որպեսզի պաշտպանեն ընտրություններին ՌԴ միջամտությունից: Ուստի խորհուրդ կտամ ՀՀ համապատասխան մարմիններին՝ կրկնապատկել ռեսուրսները, փոխել գաղտնաբառերը և ֆիքսել բոլոր պոտենցիալ գործակալներին («взять на карандаш»), շատ բան է դրված խաղաքարտին»,- հուշում է Սամիտ Ալիևը՝ հորդորելով չհավատալ Ռուսաստանի բազմադարյա բարեմության մասին խոսքերին, ընդ որում՝ նա իր հաղորդման մեջ ակնարկում է, որ «ռուսական ՖՍԲ-ն առնչություն ունի 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը»:
Ի դեպ, հայաստանյան հակառուսական որոշ շրջանակներ, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արամ Զավենի Սարգսյանը ևս Հոկտեմբերի 27-ը կապել էր Մեղրին տալու հետ և հենց ռուսական հետք տեսել դրանում: Այն, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և ՀՀ ղեկավարության գլխատումն աշխարհաքաղաքական պատճառ ուներ և արտաքին գործոն կար, որևէ մեկը չի բացառում, բայց… Այսինքն, մենք զերծ կմնանք որևէ երկրի մահացու մեղադրանք հասցեագրելուց: Փոխարենը՝ մի քանի դրվագ կհիշեցնենք:
Դրվագ Առաջին
1999-ին ԱՄՆ կատարած այցի շրջանակում Վազգեն Սարգսյանի՝ Նյու Յորքի «Արձագանք» հայկական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում նա պատմել էր, որ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը քննարկվել է Արցախի խնդիրը, առաջարկ է արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո ապաշրջափակման, ներդրումների դռները բացող քայլերի առնչությամբ:
«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում, և այլն: ԱՄՆ փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և Հայաստանի Հանրապետության առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:
Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ՝ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը»,- նշել էր Վազգեն Սարգսյանը:

Ի դեպ, ԱՄՆ այցից առաջ, ըստ մամուլի հրապարակումների, Վազգեն Սարգսյանն այցելել էր Սյունիք: Այսինքն, մամուլում տարածված հրապարակումների համաձայն, Վազգեն Սարգսյանը Սյունիք է այցելել 1999 թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին նա արդեն մեկնել էր Վաշինգտոն՝ Միջազգային արժութային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով: Եվ նույն ժամանակ Մեղրիի կարևորությունը շեշտելով, փորձել է հասկացնել, որ Սյունիքն աշխարհաքաղաքական մեծ խաղացողների ուշադրության առանցքում է:
«Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու: Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով»,- զգուշացրել էր Վազգեն Սարգսյանը՝ դեմ չլինելով ապաշրջափակմանը:
Դրվագ երկրորդ
2001-ին «Հայկական ժամանակում» հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի «Մենք ու մեր շահերը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Մեղրիի անջատման ծրագիրը իր բնույթով շատ է նման 1915 թվականի ցեղասպանության ծրագրին. դրդապատճառների առումով: Այն ժամանակ էլ հայերը, անտեսելով սեփական շահերը, ընկել էին անսահման ռուսասիրության ու չուզողության գիրկը: Իսկ թե ինչ ստացվեց դրանից, գիտենք բոլորս: Հիմա դառնանք Մեղրիին: Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետև այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»:
Ի դեպ, հոդվածի հետգրության մեջ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված (ում ժամանակ առ ժամանակ մեղադրում են Մեղրին տալ ցանկանալու և այսօր՝ ռուսամետ լինելու մեջ) ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա.
«…Երբ ասում ենք Հայաստանը ռուսամետ է, դա չի նշանակում, թե ռուսամետ է նաև Քոչարյանը: Մի քանի անգամ նշել ենք, որ Քոչարյանն ընդհանրապես որևէ հարցում չի ներկայացնում և չի կարող ներկայացնել Հայաստանի տեսակետը: Քոչարյանը ընդհանրապես տեսակետ չի ներկայացնում, նա Հայաստանում ընդամենը կատարում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, երբեմն նաև Ռուսաստանի հանձնարարությունները: ԱՄՆ-ը հանձնարարում է Մեղրին հանձնել, Քոչարյանը սկսում է հանձնման գործընթացը: Ռուսաստանը հանձնարարում է Մեղրին չհանձնել՝ Քոչարյանը ի դեմս դաշնակցության ընդդիմանում է Մեղրին հանձնելուն…»,- գրել էր Փաշինյանը:
Վերադառնանք մեր օրեր, երբ ունենք «Թրամփի ուղի» նախագիծ, ինչի համաձայն՝ Հայաստանը և ԱՄՆ-ը նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու ուղղությամբ։ Ավելին, Հայաստանն ԱՄՆ-ին է առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը, և ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։
Ու սրան զուգահեռ՝ ունենք հայտարարություններ, որ Ռուսաստանը չի կարող մասնակցություն ունենալ ԹՐԻՓՓ նախագծին, ավելին, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կոնցեսիոն պայմանագրով Ռուսաստանին հանձնված Հայկական երկաթուղուն, մի առիթով նշել է՝ «լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»:
Հիմա, երբ վերոհիշյալ ադրբեջանցի վերլուծաբանը վտանգավոր հուշում է անում, թե հունիսին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ չի բացառվում՝ սպառնալիքի տակ հայտնվեն «երկաթուղային կայարան, էլեկտրահաղորդիչ գծեր, հեռահաղորդակցման գծեր և այլն…», ո՞ւմ նկատի ունի, ի վերջո, Իրանը ևս դեմ է Սյունիքում ԱՄՆ ցանկացած ներկայությանը:
Հայաստանի իշխանությունները հասկանո՞ւմ են, որ նման հաղորդումներով Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է մղում ոչ միայն Ռուսաստանի դեմ և այն էլ (Ադրբեջան-Ռուսաստան փոխհրաձգությունը քիչ է հետաքրքրում, եթե չի առնչվում Հայաստանին)՝ մեր «ձեռքով», ոչ միայն հայաստանյան ընդդիմության դեմ, այլ հենց Հայաստանի Հանրապետության, քանի որ նման վտանգավոր հուշումներով ոչ միայն խուճապ են տարածում հանրության մեջ, այլ Հայաստանին հռչակում են ահաբեկչություններին հակված երկիր, և սա՝ Իրանի շուրջ ներկայիս զարգացումների պայմաններում: Դեռ չենք ասում, որ փորձում են միջամտել ՀՀ ներքին գործերին, իրենց իրավունք են վերապահում խորհուրդներ տալ հենց իրենց՝ ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, և վտանգել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները:
Իսկ մենք, ինչպես նկատում եք, ոչ թե զուտ տիրաժավորում ենք ադրբեջանական վտանգավոր հուշումներն ու հիբրիդային սպառնալիքների օրինակները, այլ փորձում ենք ցույց տալ Ադրբեջանի վտանգավոր խաղը, որոնք միայն Փաշինյանի ընդդիմախոսներին չեն ուղղված, ուստի պետք է նույն ջանասիրությամբ պայքարել նաև ադրբեջանական հաղորդումների դեմ, և երբեք չմտածել նմանօրինակ հակահայկական քարոզիչ-«փորձագետներին» Հայաստան բերելու մասին խաղաղության օրակարգի համատեքստում:
Ի դեպ, Սամիտ Ալիևը խոսում է ջրամբարների թիրախավորումից, բայց հենց Ադրբեջանն է 2020 թվականի պատերազմից սկսած փորձել տիրանալ և տիրացել է Արցախի ջրային ռեսուրսներին, 2021-2022 առաջխաղացումների ժամանակ «նստել» ՀՀ ջրային ակունքների վրա, ու դեռ ջրի լրջագույն խնդիր ունի… այդ իսկ պատճառով էլ պատահական չեն Սևանա լճի մասին Ալիևի տարբեր հայտարարությունները: Դեռ չենք ասում՝ ինչ կլիներ, եթե «Թրամփի ուղին» Ադրբեջանի և Թուրքիայի սրտով չլիներ, և եթե այն «գետնի վրա» խնդիրների բախվի:

