Չնայած Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ում աշխատանքների դադարեցմանը՝ նոր բլոկների կառուցումը մնում է «Ռոսատոմի» առաջնահերթությունների թվում, հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրենը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման աշխատանքներն այժմ դադարեցված են, սակայն նախագիծը կմնա առաջնահերթությունների թվում, հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նա հավելել է, որ այնտեղ մնում են 639 ռուսաստանցի աշխատակիցներ։ Նրա խոսքով՝ Իրանի ատոմային ոլորտի ղեկավարության հետ կապը կորել է։
«Չկա ո՛չ հեռախոսակապ, ո՛չ էլեկտրոնային կապ», -Լիխաչովի խոսքերն է մեջբերում РБК-ն։
Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն նախկինում հրապարակել էր լուսանկարներ իրանական մի շարք միջուկային օբյեկտներից, որոնց հասցվել էին հարվածներ։
Միևնույն ժամանակ, «Ռոսատոմը» ժամային կապ է պահպանում «Բուշեր» կայանի հետ, անձնակազմում իրավիճակը հանգիստ է և վերահսկելի, պարզաբանել է Լիխաչովը։
«Տարածաշրջանի վրա հարձակումների միջև ընդմիջումներին զուգընթաց՝ «Ռոսատոմը» ԱԷԿ-ում մնացած աշխատակիցներից դուրս կբերի ևս 150-200 հոգու»,- հավելել է պետական կորպորացիայի տնօրենը։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ գործակալությունը փորձում է կապ հաստատել Իրանի միջուկային կարգավորող մարմինների հետ, սակայն իր փորձերին պատասխան չի ստանում։ Նա հավելել է, որ Իրանին սահմանակից երկրներում առայժմ բնական ճառագայթային ֆոնի գերազանցում չի գրանցվել։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկի օրը «Ռոսատոմը» երկրից դուրս էր բերել իր աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև «ավելորդ անձնակազմին» և նրանց, ովքեր պարզապես ցանկացել էին հեռանալ։ Լիխաչովի խոսքով՝ ընդհանուր առմամբ դուրս է բերվել 94 մարդ։