Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ ՄԵրձավոր Արևելքում ու Իրանում կատարվող իրադարձությունների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։

Սիմոնյանը կարծիք հայտնեց՝ վտանգավոր չեն:

«Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ։ Շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք լինում են, և հույս ունենք, որ իրադարձությունները հնարավորինս կարճ կտևեն, որովհետև անմիջականորեն մեր հարևանի հետ են տեղի ունենում, և դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական հարց է, թերևս, ամենամեծ պատերազմներից մեկն է, որը, փառք Աստծո, մեզ հետ որևիցե ձևով կապ չունի, և հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի դիպչի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ միաժամանակ, շատ հաճելի է տեսնել, որ այդ պատերազմի ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են միասին խաղաղության եզրեր գտնել, խաղաղություն կառուցել:

Ըստ Սիմոնյանի՝ պետք է չներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ, այնպես անել, որ խաղաղության գործընթացը չվնասվի:

Ինչ վերաբերում է իրանահայերին, կա՞ն արդյոք ծրագրեր, եթե նրանք որոշեն գալ Հայաստան՝ ԱԺ նախագահը դրական պատասխան տվեց:

«Այո, մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ, որ նման վտանգ և նման միտում կա»,- նշեց նա:

Leave a Comment