Իսրայելի իշխանությունները զինված ուժերին լիազորել են առաջ շարժվել և լրացուցիչ տարածքներ հսկողության տակ առնել. այդ քայլի նպատակն է կանխել հարավային Լիբանանից իսրայելական համայնքների վրա «ուղիղ կրակը»։ Ինչպես տեղեկանում ենք The Times of Israel-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Իսրայելական համայնքների վրա ուղիղ կրակոցների հնարավորությունը կանխելու համար վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես լիազորել ենք Իսրայելի պաշտպանության բանակին առաջ շարժվել և հսկողություն հաստատել Լիբանանի լրացուցիչ ռազմավարական տարածքների վրա և այնտեղից պաշտպանել սահմանային համայնքները», – նշված է Կացի հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ուժային գործողություններ իրականացնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների դեմ։ Ահաբեկչական կազմակերպությունը վճարում է և կվճարի ծանր գին Իսրայելի դեմ կրակի համար», – հավելել է նա։
Կացն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է՝ պաշտպանելու սահմանային համայնքները։
«Մենք խոստացել ենք անվտանգություն Գալիլեայի համայնքներին, և մենք դա կիրականացնենք», – նշել է նա։
Ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ մարտի 3-ի լուսաբացին անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ավիաբազայի ռադարային կայաններն ու կառավարման սենյակները։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։