Արաղչին չինացի գործընկերոջը հայտնել է, որ Իրանը թշնամանք չունի տարածաշրջանային երկրների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Իրանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին Չինաստանի կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զոհվելու կապակցությամբ։

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելն Իրանի դեմ հարձակման ժամանակ խախտել են միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և մինչ օրս հարյուրավոր անմեղ քաղաքացիների մահվան պատճառ են դարձել։

Նա ընդգծել է Իրանի զինված ուժերի վճռականությունը երկրի ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու հարցում։

Անդրադառնալով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերին՝ Արաղչին մատնանշել է իրանցի երեխաների, այդ թվում՝ Մինաբ քաղաքի տարրական դպրոցում 168 աղջիկների սպանությունը, ինչպես նաև հիվանդանոցների վրա հարձակումները՝ ընդգծելով միջազգային հանրության պատասխանատվությունը՝ «վճռականորեն դատապարտելու ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան և իրանցի քաղաքացիական անձանց սպանությունները»։

Տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ նախարարը շեշտել է, որ «Իրանը թշնամանք չունի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ և վճռականորեն տրամադրված է շարունակել բարիդրացիական հարաբերությունները նրանց հետ»։

«Իրանի պաշտպանական արձագանքը Պարսից ծոցի որոշ երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին չպետք է մեկնաբանվի որպես այդ երկրների վրա հարձակում, այլ որպես մեր օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը», – նշել է նա։

Իր հերթին, Վան Ին աջակցություն է հայտնել Իրանի կողմից իր ինքնիշխանության, անկախության և արժանապատվության պաշտպանությանը՝ կրկին դատապարտելով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված անօրինական հարձակումը։

Leave a Comment