Զուրաբյան․ Առաջին նախագահը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար

Զուրաբյան․ Առաջին նախագահը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը` Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար

3 մարտի 2026 – 12:41 AMT

PanARMENIAN.Net – Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ Հանրապետության հիմնադիր, ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար: Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսն ունի իր հստակ ասելիքն ու անելիքը:

Եթե Առաջին նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից»,-գրել է նա:

Leave a Comment