Ջրանջատումները կլինեն 3-4 ժամ՝ 7 ժամվա փոխարեն․ Ջրային կոմիտեի նախագահ – Armenia Today

Ջրանջատումները ամռան ամիսներին կլինեն 3-4 ժամ՝ 7 ժամվա փոխարեն, Ազգային ժողովում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

Նրա խոսքով՝ ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա ամիսներին ջրավազանները պետք է լցվեն և ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի: Նրա պարզաբանմամբ՝ ջրանջատումների գրաֆիկը հնարավոր կլինի կրճատել 2 հանգամանքի շնորհիվ։

«Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերին, որոնք իրականացնում ենք, նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին: Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան «Վեոլիա ջուր»-ի կողմից ջրանջատումների ժամանակացույցի հրապարակումը»,- նշել է Ղալամքարյանը: 

Ըստ կոմիտեի նախագահի՝ որոշում է կայացվել լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։

«Վեոլիա Ջուրը» փետրվարի 23-ին հրապարակել էր ջրամատակարարման գրաֆիկը, ըստ որի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանում և հանրապետության ամբողջ տարածքում նախատեսվում էր ջուր մատակարարել օրական 17 ժամ (07:00-24:00)։ Սահմանափակումները պետք է անդրադառնային մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների բազմաթիվ հասցեների վրա։

Փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գրաֆիկը կասեցվել է կառավարությունում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքում։

Leave a Comment