Մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում  երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն։ 

Ներկայացնելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաների համար կատարված մյուս փոփոխությունները՝ նա ընդգծեց, որ ակադեմիայի կուրսանտներին և ապագա սպաները չորսամյա կրթությունից հետո, երբ ավարտում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան՝ սպաները ստանում են բնակարան, որի արժեքը այսօրվա գներով 35 միլիոն դրամ է։

«Այսինքն, Երևան քաղաքում կամ Հայաստանի Հանրապետության որևէ հատվածում, մենք նրանց տրամադրում ենք սերտիֆիկատ, որի միջոցով նրանք կարողանում են կատարել այդ գնումը։ Իհարկե, սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 000-750 000 դրամ աշխատավարձ։ 

Հարցս հետևյալն է. ասեք մի մասնագիտություն, որ բուհը ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620-750 000 դրամ աշխատավարձ, բնակարան, այսինքն, մարդը 21-22 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զինվորական մասնագիտությունն այսուհետ ամենաերաշխավորված մասնագիտությունն է։

Leave a Comment