Հայաստանն Իրանին վստահեցրել է՝ TRIPP-ը ոչ մի դեպքում ռազմական և անվտանգային իմաստ չի ստանա. դեսպան Շիրղոլամի

Իրանում Հայաստանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մարտի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, դեսպանն ընդգծել է՝ հայկական կողմի հետ քննարկումների ժամանակ իրենք միշտ ասել են, որ այդ ճանապարհը, որը, հնարավոր է, հաղորդակցային տեսանկյունից հնարավորություններ ստեղծի Հայաստանի համար, չպետք է որպես գործիք ծառայի օտարների կողմից Իրանի դեմ գործողությունների համար։«Նաև մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, եթե այն կարող է ապահովել Հայաստանի շահերը։ Հայաստանի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ ոչ մի դեպքում այս ճանապարհը ռազմական և անվտանգային իմաստ չի ստանա, և Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհի վրա կպահպանվի։ Մեր և Հայաստանի մեջ վստահություն գոյություն ունի»,- նշել է դեսպանը:«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հիմնարար  համատեղ հռչակագիրը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի կողմից ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ նպատակ ունենալով նպաստել Հարավային Կովկասում հարատև խաղաղությանը։ Ծրագրի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծել Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

Leave a Comment