ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան զորքերի կողմից Իրանի ուղղությամբ ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են։ Նրա խոսքերը մեջբերում են BBC-ն և The New York Times-ը։
«Ես չեմ պատրաստվում բացահայտել մեր մարտավարական գործողությունների մանրամասները, բայց ամերիկյան զինվորականների կողմից ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են։ Հաջորդ փուլն Իրանի համար ավելի դաժան կլինի, քան հիմա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուբիոն։
Նա նաև նշել է, որ ամերիկացիների նպատակն է ոչնչացնել բալիստիկ հրթիռների ոլորտում Իրանի ներուժը, ինչպես նաև վերացնել այն սպառնալիքը, որն Իրանի ռազմածովային նավատորմը ներկայացնում է համաշխարհային նավագնացության համար:
«Այնուամենայնիվ, մենք դեմ չենք լինի և հուսով ենք, որ Իրանի ժողովուրդը կկարողանա տապալել ներկայիս կառավարությունը և նոր ապագա հաստատել իր երկրի համար: Մենք շատ կցանկանայինք, որ դա հնարավոր լիներ»,- հավելել է Ռուբիոն։
Լրագրողները պետքարտուղարին նաև խնդրել են մեկնաբանել Իրանի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Մինաբ քաղաքում իգական դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
«Եթե դա լիներ մեր հարվածը, պաշտպանության նախարարությունը հետաքննություն կիրականացներ, և ես ձեր հարցը կուղղեի նրանց: ԱՄՆ-ն միտումնավոր չի հարվածել դպրոցին»,- Reuters-ի փոխանցմամբ եզրափակել է Ռուբիոն։
Լուսանկարը՝ Andrew Caballero-Reynolds/AFP via Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter