Իրանի դեմ պատերազմի հետևանքով Եվրոպայում գազը թանկացել է 28 տոկոսով – Armenia Today

Լոնդոնի ICE բիրժայի տվյալների համաձայն, Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի ֆոնին Եվրոպայում գազի արժեքը կտրուկ աճել է 28 տոկոսով, հայտնում է Bloomberg-ը։

Պատճառը Հորմուզի նեղուցով նավարկության գրեթե լիակատար դադարեցումն է: Այս նեղուցը համարվում է առանցքային ծովային երթուղի, որով անցնում է հեղուկ բնական գազի համաշխարհային արտահանման մոտ մեկ հինգերորդ մասը: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո կտրուկ աճել են նաև նավթի և ոսկու համաշխարհային գները:

Goldman Sachs-ի տվյալներով՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների մեկամսյա դադարը կարող է ավելի քան կրկնապատկել գազի գները Եվրոպայում: Իրավիճակը բարդանում է ամառային սեզոնի նախաշեմին տարածաշրջանում վառելիքի ցածր պաշարներով:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ամբողջությամբ փակել է նավթային տանկերների անցման համար օգտագործվող Հորմուզի նեղուցը: Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրան հասցրած հարվածների ֆոնին մի շարք խոշոր նավթային ընկերություններ դադարեցրել են նավթի և վառելիքի մատակարարումները նեղուցով:

Իսրայելը և ԱՄՆ-ը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի տարածքում գտնվող այլ օբյեկտներին: Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու մտադրության մասին, իրանական բանակին կոչ է արել զենքը վայր դնել։

Իրանը ի պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների տարածքին: ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը փետրվարի 28-ին հայտնել էր, որ ամերիկյան օբյեկտներին հասցված վնասը նվազագույն է և չի ազդել գործողությունների ընթացքի վրա: Սակայն մարտի 1-ին գերատեսչությունը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի զոհվելու և ևս հինգի վիրավորվելու մասին: ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ի կորուստները գնահատել է 500 մարդ:

Իրանական կողմը հաստատել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի զոհվելու լուրը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր երկխոսության պատրաստակամության և Իրանում ռազմական գործողությունը ևս չորս շաբաթ շարունակելու հնարավորության մասին: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը բանակցություններ չի վարելու Ամերիկայի հետ:

Leave a Comment