Իրանի դեսպան. Մեր ցանկությունն է, որ ՀՀ-ն որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով

Իրանի դեսպան. Մեր ցանկությունն է, որ ՀՀ-ն որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով

2 մարտի 2026 – 17:32 AMT

PanARMENIAN.NetԻրանի նկատմամբ իրականացվող «ագրեսիան վտանգի տակ է դրել» տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը, Իրանի ցանկությունն է, որ ՀՀ-ն որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Նա հավելել է, որ եթե գործողությունները շարունակվեն, տարածաշրջանի բոլոր պետությունների համար կարող են ձևավորվել անբարենպաստ պայմաններ, հայտնում է Aysor.am-ը:

«Նրանք, ովքեր իրականացրին այս գործողությունները, ամենաանպատասխանատու կերպով վտանգեցին թե՛ տարածաշրջանի, թե՛ միջազգային խաղաղությունն ու կայունությունը։ Մեր բարեկամ ու հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, և Հայաստանի տարածքային ամբողջականությունն էլ մեզ համար կարմիր գիծ է։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի այս գործողությունների հետևանքով»,- ասել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ միջազգային արձագանքը, իր գնահատմամբ, համարժեք չի եղել Իրանի դեմ իրականացվող ագրեսիային։

«Այդ երկրներից շատերը, որոնք խոսում են օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերից, այս հարձակման դեպքում լիարժեք լռություն պահպանեցին»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանից հնչած գնահատականներին՝ դեսպանը ափսոսանք է հայտնել «մի խումբ վերլուծաբանների կողմից ոչ տրամաբանական խոսքերի վերաբերյալ, ովքեր շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում»։

Իրանի դեմ հարձակումը տեղի է ունեցել այն փուլում, երբ պաշտոնական Թեհրանը, դեսպանի խոսքով, առավելագույն պատրաստակամություն է ցուցաբերել բանակցային գործընթացում արդյունք ապահովելու համար, հայտնում է Sputnik Արմենիան:

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր օպերատիվ, ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկներն ԱՄՆ-ին, և դա իրականացավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարի կամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն համակարգը, ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է առհասարակ որոշել մտնել բանակցությունների փուլ»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով Իրանի պատասխան գործողություններին՝ դեսպանը նշել է, որ դրանք չեն ուղղվել հարևան պետությունների դեմ, այլ թիրախավորել են այդ երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները:

«Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը»,- հայտարարել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նախազգուշացրել են նրան, որ այս պատերազմը չի լինելու հեշտ և նվազ ծախսատար, և, դեսպանի գնահատմամբ, այժմ արդեն Թրամփն էլ է համոզվել այդ իրողության մեջ։

Դեսպանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է վճռական կերպով դատապարտել ագրեսիան՝ հավելելով, որ Չինաստանն ու Ռուսաստանն արդեն հստակ դիրքորոշում են հայտնել այդ հարցում։

«Մենք կարող ենք ինքնուրույն կազմակերպել մեր ինքնապաշտպանությունը, կարիք չունենք, որ որևէ մեկը գա ու պատերազմի մեր համար։ Բայց, իհարկե, մեր գործընկերների համագործակցությունն ու աջակցությունն այս հարցում մեզ համար կարևոր են»,- ասել է նա։

Խոսելով այն երկրների արձագանքի մասին, որոնց տարածքներում թիրախավորվել են ամերիկյան ռազմաբազաները, դեսպանը շեշտել է, որ Իրանի դեմ պատերազմը պարտադրված է եղել։

«Հնարավոր չէ, որ տարածաշրջանում գտնվող երկրների տարածքում տեղակայված ռազմաբազաները տարբեր կերպ օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում, և մենք ուղղակի նստենք ու նայենք»,- հավելել է դեսպանը։

Նրա գնահատմամբ՝ տվյալ երկրներում տեղակայված ռազմաբազաների օգտագործումը կամ իրականացվել է այդ պետությունների թույլտվությամբ, ինչը, ըստ նրա, թշնամական վերաբերմունք է Իրանի նկատմամբ, կամ էլ այդ գործողությունները չեն համաձայնեցվել տվյալ երկրների իշխանությունների հետ։ Վերջին դեպքում, դեսպանի կարծիքով, ստացվել է իրավիճակ, երբ այդ տարածքները փաստացի չեն գտնվել համապատասխան պետությունների լիարժեք ինքնիշխան վերահսկողության ներքո, և Թեհրանը դրանք դիտարկել է որպես ամերիկյան։

Մամուլի ասուլիսը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և մոտ 170 ուսուցիչների ու երեխաների։

Թեև անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անցկացվել են իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններ, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Leave a Comment