Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, ինչի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով լիբանանյան պետական աղբյուրներին։
Ավիահարվածները հաջորդել են «Հեզբոլլահ» խմբավորման կողմից Հայֆայում ռազմական բազայի վրա հարձակմանը։
Լիբանանի National News Agency գործակալությունը հայտարարել է, որ մայրաքաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, 149-ը՝ վիրավորվել։
Իսրայելի բանակը միաժամանակ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին և Բեքաայի հովտին՝ հայտարարելով խմբավորման բարձրաստիճան անդամների ոչնչացման մասին։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Հայֆայում գտնվող իսրայելական ռազմական բազայի վրա՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։ Խմբավորումն ընդգծել է, որ գործում է «Լիբանանի և նրա ժողովրդի պաշտպանության համար», և գործողություններն Իսրայելի պարբերական հարվածների պատասխանն են։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմի ոչնչացմամբ և խոստացել է «բարձր գին»՝ հարձակման համար։ Իսրայելը նաև կոչ է արել Լիբանանի հարավի և Բեքաայի ավելի քան 50 բնակավայրի բնակիչների լքել իրենց տները։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը «Հեզբոլլահի» գործողություններն անվանել է անպատասխանատու և հայտարարել, որ իշխանությունները թույլ չեն տա երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդի մահը: Իրանում մարտի 2-ի դրությամբ զոհերի թիվը գերազանցում է 500-ը։
