Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանն Championat.com-ի հետ զրույցում անդրադարձել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբից հնարավոր հեռանալու մասին շրջանառվող լուրերին:
25-ամյա կիսապաշտպանը խոստովանել է, որ ներկայումս իրեն երջանիկ է զգում թիմում, սակայն չի բացառել, որ ամռանը ամեն ինչ կարող է փոխվել:
«Այս տրանսֆերային պատուհանը հանգիստ անցավ ինձ համար։ Ես իմ գործի պրոֆեսիոնալն եմ։ Ինչո՞ւ արձագանքել ասեկոսեներին։ Դրանք միշտ շատ են եղել ու կլինեն։ Ոչ միայն իմ մասին, այլև շատ ֆուտբոլիստների։ Ես երջանիկ եմ «Կրասնոդարում»։ Այս պահին կա մեկ նպատակ՝ ավելի մեծ նվաճումների հասնել ակումբի հետ։ Իսկ ամռանը կտեսնենք։ Ամեն բան հնարավոր է»,- մեջբերում է Սպերցյանի խոսքը:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և գլխավոր թիմի կազմում անցկացրել է 169 հանդիպում՝ դառնալով 54 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնությունում նա մասնակցել է 19 հանդիպման, դարձել 9 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ:
