Բյուջեն կազմում է շուրջ 60 մլրդ դրամ, որը ներառում է նաև դեպոյի արդիականացումը և այլ ենթակառուցվածքային ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ «Աջափնյակ» մետրոյի կայարանի և մետրոյի արդիականացման ծրագիրը, որով նախատեսվում էր վագոնային ամբողջ պարկի թարմացումը, ի հավելումն նաև այլ աշխատանքների, ներդրումային ծրագրերի տրամաբանությամբ հավանության է արժանացել դրական եզրակացությամբ։
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։
«Այսօր շնորհանդեսներն ուղարկում ենք կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով», – նշել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ ծրագրերի բյուջեն կազմում է շուրջ 60 մլրդ դրամ, որը ներառում է նաև դեպոյի արդիականացումը և այլ ենթակառուցվածքային ներդրումներ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախատեսվում է ձեռք բերել 48 նոր վագոն։