2 մարտի 2026 – 15:12 AMT
PanARMENIAN.Net – Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման և մետրոյի արդիականացման նախաձեռնությունները, որոնց շրջանակում նախատեսվում է նաև վագոնային պարկի ամբողջական թարմացում, իրականացվում են զուգահեռ: Այդ մասին ասել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է 48 նոր վագոնների գնման և դեպոյի արդիականացման ծրագրերի ընթացքով, հայտնում է Արմենպրեսը:
«Ներդրումային ծրագրերի տրամաբանության հավանության է արժանացել և դրական եզրակացությամբ այսօր շնորհանդեսներն ուղարկում ենք Կառավարություն, որպեսզի հանրային ներդրումային կոմիտեի նիստ պլանավորվի երկու ծրագրերի վերջնական քննարկման մասով»,-մանրամասնել է Բաբայանը։
Նրա խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրի վերագնահատված բյուջեն հասնում է մոտ 60 միլիարդ դրամի, որը ներառում է նաև դեպոյի արդիականացումը և այլ ենթակառուցվածքային ներդրումներ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մի մասն օգտագործվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման նպատակով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու նիստում ասել է, որ «Աջափնյակ» կայարանի նախագիծը մեր նորանկախ շրջանի ամենաբարդ ենթակառուցվածքային նախաձեռնություններից է և դասվում է 5-րդ ռիսկայնության կարգում։
Դեռևս 2025 թվականի ամռանը Երևանի քաղաքապետարանն հայտարարել է, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2025-ի վերջում կամ 2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը մշակվել է 2022 թվականից՝ ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 250 մլն դոլար, իսկ շինարարության կանխատեսվող տևողությունը սահմանվել է մինչև 5 տարի։