2 մարտի 2026 – 15:10 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի եկեղեցական դասը չի ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից «որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք», ասվում է տարածված հայտարարության մեջ:
Հոգևոականները նշել են, որ թեմի քահանաների վերաբերյալ դատարանի միջանկյալ որոշումներն «անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի հետ»:
«Մենք՝ ՀՀԱԵ Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․Ասատրյան և Տ․քհն․ Թադե Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով։
Հայտարարում ենք, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եկեղեցու կողմից Քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն Եկեղեցու հետ հաղորդության, կանոնական և վարդապետական ծիրից ներս՝ հնազանդ և հավատարիմ մնալով Սուրբ եկեղեցու և Սուրբ հայրերի ավանդությանը և քահանայական ուխտին։
Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը և եկեղեցու (իրավասու եկեղեցական իշխանության) կողմից կարգալույծ է հռչակվում և զրկվելով քահանայական կարգից, շնորհից, օծումից ձևից և նշանից՝ դասվում է աշխարհականների շարքին (Բարսղի «Գիր կանոնական»)։ Այսինքն՝ ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ:
Քահանայի առաքելությունը նախ և առաջ հովվական հոգևոր ծառայություն է, որն ինքնին և՛ նվիրապետական աստիճան է և՛ կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ընդունված վիճակ։
Միաժամանակ ընդգծում ենք, ոչ միայն կրոնական, վարդապետական, այլև խորապեսհոգևոր և բարոյական կողմը։ Ուստիքահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։
Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին,խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբումնքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ խղճի և դավանանքի ազատությունը մեր երկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի և խաթարի հոգևորականի կամ շարքային բարեպաշտ հավատացյալի հոգևոր կյանքին, ազատ ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։
«ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն, ըստ օրենքի, չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին:
ՀԱԵ ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելուկամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս տիրույթում պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և նվիրական սրբությունների հանդեպ անարգալից վերաբերմունքի եւ պղծության:
Հետևաբար, նկատի առնելով վերոնշյալ հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է եկեղեցու կանոնական կարգինև Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ ձեռնադրությամբ ստանձնած մեր սրբազան պարտավորությանը։
Հակառակ մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չենք ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է դեպի հակականոնական ընթացքների, դեպի ուխտազանցություն և սրբապղծություն, որով և մեղսակից ենք դարձնում հավատացյալ հոտին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են․ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը, Տեր Մկրտիչ քահանա Երանյանը, Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, Տեր Հայկ քահանա Քոչարյանը, Տեր Նարեկ քահանա Սարգսյանը, Տեր Փառեն քահանա Առաքելյանը, Տեր Մուշե քահանա Վահանյանը, Տեր Հովել քահանա Օհանյանը, Տեր Սևակ քահանա Սարիբեկյանը, Տեր Համբարձում քահանա Դանիելյանը, Տեր Զորայր քահանա Կարապետյանը, Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը, Տեր Հայկ քահանա Սահակյանը, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը, Տեր Օշին քահանա Հայրապետյանը, Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը, Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը, Տեր Նշան քահանա Թովմասյանը, Մայր Եղիսաբեթ Մելետլյանը, Արտակ սարկավագ Սաֆարյանը, Վահագն սարկավագ Ստեփանյանը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացրած հայցադիմումը։ Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցը, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։ Դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանաների պաշտոնավարումը:
ՀԱԵ-ն, իր հերթին հայցեր է ներկայացրել կարգալույծ քահանաների դեմ, որոնք դատարանը վարույթ է ընդունել: