Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:
«Սա կարևոր քայլ է ՀՀ կառավարության «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգի կյանքի կոչման և մեր երկրի՝ հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ճանապարհին։ Այս սարքավորումների ներմուծումը մեր տեսլականի իրագործումն է և վճռական քայլ՝ ապագայի տեխնոլոգիաների ձևավորման մեջ Հայաստանի տեղը սահմանելու ճանապարհին»,- գրել է նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Նախարարի խոսքով՝ այս ենթակառուցվածքը կներգրավի տեղական նորարարներին, կհզորացնի թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածներում հաշվարկային կարողությունները և կխթանի թվային փոխակերպումը։
Հայաստանի կառավարությունը, ամերիկյան Firebird ստարտափը և NVIDIA ընկերությունը 2025 թվականի հուլիսին հայտարարեցին Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի առաջին փուլը նախատեսում է 500 միլիոն դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 ՄՎտ հզորությամբ ենթակառուցվածքի ստեղծում: Երկրորդ փուլը, որի արժեքը գնահատվում է 4 միլիարդ դոլար, նախատեսում է հզորությունների ընդլայնում՝ մինչև 41 հազար NVIDIA GPU-ների տեղակայմամբ։
