Զինծառայողի մահվան դեպքով քննություն է տարվում. ՊՆ փոխնախարարը խոստանում է օբյեկտիվ հետաքննություն

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է փետրվարի 26-ին տեղի ունեցած զինծառայողի մահվան դեպքին:

«Յուրաքանչյուր հանցագործության դեպք և առավել ևս զինծառայողի մահվան դեպք ցավ է պատճառում և մտահոգությունների տեղիք տալիս, նաև լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության մասին խոսում», – նշել է փոխնախարարը:

Սարգսյանը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն: «Նկատի ունենալով, որ յուրաքանչյուր նմանատիպ դեպքով կատարվում է քննություն, մենք կարծում ենք, որ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքներով ծնող պատճառներ, նպաստող պայմաններ ի հայտ կբերվեն, և դրան համարժեք քայլեր կարվեն», – ընդգծել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք զինծառայողը ենթարկվել է ճնշումների, փոխնախարարը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը հստակ տեղեկատվություն կտրամադրի: Նա միաժամանակ հավաստիացրել է, որ բանակում մահերի թիվը չի ավելացել, և նման դեպքերը հաճախակի չեն լինում:

Ռազմական ոստիկանությունում փետրվարի 26-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել կրակոցների հետևանքով զինվորի մահվան մասին: Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Նարեկ Հակոբյանն է: Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է, և նա հայտնաբերվել է:

Leave a Comment