Քուվեյթի ՊՆ-ն հայտարարել է ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռների կործանման մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր առավոտյան կործանվել են ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռներ՝ ընդգծելով, որ դրանց բոլոր անձնակազմերը փրկվել են։ Այս մասին նշվում է Քուվեյթի զինված ուժերի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ տարբեր ԶԼՄ-ներ տարածել էին տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Քուվեյթի տարածքում կործանվում ամերիկյան կործանիչը, իսկ օդաչուներին հաջողվում է կատապուլտացվել ինքնաթիռից։

Նշվում է, որ կործանված ինքնաթիռների օդաչուները հոսպիտալացվել են, և նրանց վիճակը կայուն է։ Քուվեյթը ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացնում է հետաքննություն՝ աղետի պատճառները պարզելու համար։

Ավելի վաղ իրանական պետական գործակալությունները գրել էին ամերիկյան կործանիչի մասին, որը, ըստ նրանց, խոցվել էր Իրանի օդային տարածքը խախտելու փորձի ժամանակ։

Leave a Comment