Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար 16 մլն դրամ կտրամադրվի. ծրագիրը վերաբացվում է

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար 16 միլիոն դրամ պետական աջակցություն տրամադրելու ծրագիրը վերաբացվում է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, նախագիծն արդեն իսկ ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում:

Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում է 16 միլիոն դրամ սահմանամերձ գյուղական բնակավայրում տուն կառուցելու համար:

Ծրագրից կկարողանան օգտվել 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած և ծրագրի գործող պայմաններին բավարարող ընտանիքները: Շահառուները տունը կկառուցեն այն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից՝ ապահովելով 10 տոկոսի ցուցանիշը: Յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է:

Ծրագրից կկարողանան օգտվել նաև այն շահառուները, որոնք տունը կկառուցեն այն բնակավայրերում, որտեղ կառուցված կամ կառուցվող դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50 տոկոսը՝ ապահովելով ազատ տեղերի 20 տոկոսի չափով համալրվածություն: Այս դեպքում ևս յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված քվոտաների նվազագույն թիվը 10 է:

Leave a Comment