Ոսկու գները բարձրացել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո: Մարտի 2-ին Չիկագոյի ապրանքային բորսայում (CME) ոսկու ֆյուչերսները բարձրացել են 2,88%-ով՝ հասնելով 5400 դոլարի մեկ ունցիայի համար: Brent տեսակի նավթի գները բարձրացել են 8-12%-ով՝ հասնելով 80 դոլարի՝ մեկ բարելի համար։
Փետրվարի սկզբի տվյալների համաձայն՝ ոսկու համաշխարհային գները կազմել են 5000 դոլար մեկ ունցիայի համար: Հայաստանում մեկ գրամ ոսկին արժե 55 000-60 000 դրամ: Տարեսկզբից ի վեր ոսկու գները բարձրացել են 27%-ով։
Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ վերլուծաբանները զգուշացնում են, որ շարունակական հակամարտությունը կարող է հանգեցնել նավթի գների բարձրացման մինչև 100 դոլար, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։
Ավելին, Skuld և Gard ծովային ապահովագրական ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են պատերազմական ռիսկերի ապահովագրությունը Պարսից ծոցում գտնվող նավերի համար: Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 5-ին:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։
