Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարել են, որ չեն կարող ճանաչել կարգալույծ Արման Սարոյանին որպես առաջնորդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի մի խումբ քահանաներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պատասխան դատարանի միջանկյալ որոշմանը, որը նրանց պարտադրում է որպես թեմի առաջնորդ ճանաչել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և իրենց քահանայական ծառայության հետ: «Երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից: Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ», – ընդգծում են հոգևորականները:

Հոգևորականները հիշեցրել են, որ Հայաստանի օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները երաշխավորում են Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, և պետությունն իրավասու չէ միջամտել եկեղեցու ներքին կյանքին:

«Այս ամենով պայմանավորված՝ հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշման իրականացումը առարկայորեն դառնում է անկարելի։ Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ մենք չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք», – եզրափակել են քահանաները:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Leave a Comment