ՀՀ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է քաղաքացիներին զինվորական հավաքներից ազատելը կազմակերպելու համար ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: Նրա և ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության՝ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի ղեկավարը, գործելով մերձավորի աջակցությամբ և օգտագործելով պաշտոնատար անձի վրա ունեցած ազդեցությունը, զորակոչվածների ծնողներից ստացել է 560 հազար դրամ, ինչպես նաև պահանջել է 765 հազար դրամ՝ նրանց մասնակցությունից ազատելու համար:
Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հավաքներից խուսափածների և միջնորդի միջոցով գումարը փոխանցած նրանց ծնողների նկատմամբ ևս հարուցվել են քրեական գործեր:
Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
