«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթն արդեն կայացել է

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանն այսօր հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրության և խորհրդատվական ծառայությունների մրցույթն արդեն կայացել է։
«Այս շաբաթ ակնկալում ենք, որ պայմանագիր կկնքվի հաղթող ընկերության, ըստ էության՝ կոնսորցիումի հետ։ Այնուհետև, ֆինանսական միջոցների ապահովմամբ և համաձայնագրի կնքմամբ աշխատանքները կարող են մեկնարկել անմիջապես», – նշել է Բաբայանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են ներքին վարչարարական գործընթացներ։
«Աշխատանքների ընդհանուր իրականացման համար նախատեսված է 120 օր։ Քաղաքաշինական հայեցակարգի և էսքիզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը մարտի 16-ն է», – ասել է քաղաքապետի խորհրդականը։
Բաբայանի խոսքով՝ մրցույթը կայանալու դեպքում արդեն ակնկալվում է պայմանագրի կնքում ապրիլից, ինչպես նաև կմեկնարկեն աշխատանքները, որի համար նախատեսված է տեխնիկական բնութագրով 150 օրացուցային օր։