2 մարտի 2026 – 10:18 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար՝ նշելով, որ թռիչքի կազմակերպման դեպքում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին:
ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում
«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության վերաբերյալ այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը: Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:
Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությւնները:
Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց»,- նշել է ԱԳՆ խոսնակը։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ շրջաններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու մտադրության մասին։ Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Թրամփն ասում է` Իրանի ղեկավարությունն ԱՄՆ գործողությունից հետո ուզում է բանակցել Վաշինգտոնի հետ, ինչին ինքը համաձայնել է, սակայն ավելի ուշ Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ: