Փետրվարի 26-ին Ժնևում ավարտվեց ԱՄՆ–Իրան բանակցությունների երրորդ փուլը՝ գործնականում կրկին անարդյունք։
Եթե նախորդ քննարկումները խճճվում էին անհամատեղելի պահանջների խառնաշփոթում, այս անգամ կողմերը բացահայտեցին իրենց «կարմիր գծերը»։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին փաստացի ազդարարեց, որ Թեհրանը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրի շուրջ զգալի սահմանափակումները, սակայն հրթիռային հեռահարության խորության սահմանափակման հարցի շուրջ չի բանակցի։
Պաշտոնական Վաշինգտոնի հրապարակային լռությունը հանդիպումից հետո վկայում էր, որ դժգոհ են բանակցությունների միջանկյալ արդյունքներից։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Վիեննայում՝ տեխնիկական մակարդակով։ Սա կարող է նշանակել մեկ բան․ քաղաքական մակարդակում կողմերը հասել են այս փուլում կարմիր գծերի կրիտիկական կետի և փորձում են գոնե դետալների հարթությունում բանաձևել բանակցությունների անցած երեք ռաունդների արձանագրածը։ Այս իմաստով Վիեննան կարող է ջրբաժանի հանգրվան դառնալ։
Իրանի տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը
Թեհրանը հստակ ուղերձ է հղել, որ իր տարածքին կամ միջուկային ենթակառուցվածքներին հասցված հարվածը կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի։ Դա նշանակում է մեկ բան․ հնարավոր հարվածներ Ծոցի երկրների նավթային և էներգետիկ օբյեկտներին, Հորմուզի նեղուցի լիակատար փակում և հարվածներ տարածաշրջանի այն պետությունների տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին, որոնք աջակցություն կցուցաբերեն հակաիրանական գործողություններին։ Այսինքն՝ թիրախում են Իսրայելից բացի նաև Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, դրանց տարածքում գործող ամերիկյան ռազմական օբյեկտները, նավթային օբյեկտները։ Հաշվարկը շատ հստակ է․ բարձրացնել տարածաշրջանային երկրների համար հնարավոր պատերազմի գինն այն աստիճանի, որ նրանք, ճնշում գործադրելով Վաշինգտոնի վրա, կանխեն պատերազմը։ Բայց սա խաղ է միայն պատերազմից առաջ․ եթե ԱՄՆ-ն անցավ Ռուբիկոնը, և Իրանը հակադարձեց այս սցենարով, նշված երկրներին դարձնելու է իրեն պոտենցիալ թշնամի։
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն դանդաղում
ԱՄՆ-ն Իրանի ափերին ռազմական ուժերի կուտակումը հասցրել է աննկարագրելի մասշտաբների։ Գրեթե ամեն օր Վաշինգտոնը Թեհրանին վերջնագրեր ու վերջնաժամկետներ է ներկայացնում։ Դրանք ամեն անգամ խախտվում են, բայց նախագահ Թրամփից «կրակելու հրաման» չի ստացվում։ Պատճառը ԱՄՆ ուժերի անբավարարությունը չէ։ Պարզապես Վաշինգտոնը չունի հստակ պատկերացում, թե հետպատերազմյան ինչ Իրանի ու ինչ տարածաշրջանի հետ է գործ ունենալու։ Զսպող գործոններն, այս իմաստով, մի քանիսն են։
Առաջին՝ ասիմետրիկ պատասխանի ռիսկը։ Իրանն ունակ է հրթիռներով և ԱԹՍ-ներով ցավոտ հարվածներ հասցնել իրեն շրջափակած ԱՄՆ ռազմածովային ուժերին և տեխնիկական ու մարդկային կորուստներ պատճառել։ Հորմուզի նեղուցը փակելով և Ծոցի երկրների նավթարդյունահանող օբյեկտներին հարվածելով՝ կարող է էներգետիկ շուկայում և համաշխարհային տնտեսության մեջ կոլապս առաջացնել, որից տուժելու են առաջին հերթին տարածաշրջանային արագ զարգացող տնտեսությունները։ Արդյունքում փխրուն կայունությունը, որին Թրամփը հասել է Մերձավոր Արևելքում, կարող է փլուզվել։
Երկրորդ՝ ԱՄՆ-ն չունի կանխատեսելի ռազմավարական ելքի պատկերացում։ ԱՄՆ ռազմական դոկտրինը նախատեսում է սահմանափակ, հարկադրող հարվածներ, ոչ թե երկարատև օդային կամ ցամաքային օկուպացիա։ Նախ՝ նույնիսկ գերճշգրիտ հրթիռային հարվածները չեն երաշխավորելու միջուկային ծրագրի լիակատար չեզոքացում, երկրորդ՝ հեռահար հարվածներով Իրանում կառավարման համակարգի փոփոխության հասնելն իրատեսական չէ։
Թեհրանն արդեն ցույց է տվել, որ իրենց հոգևոր ու քաղաքական առաջնորդներին շարքից հանելու տակտիկան, որը հաջողությամբ Իսրայելը կիրառեց 2025թ․ 12-օրյա պատերազմի ընթացքում, կառավարման համակարգի փլուզման չի հանգեցնելու, որովհետև իրենք ստեղծել են իշխանության և կառավարչական լծակների շարունակաբար փոխանցման ներքին համակարգ։
Այս պայմաններում, եթե կայծակնային կետային հարվածները ստրատեգիական առավելություն չտան ԱՄՆ-ին, նրանք կարող են հասնել հակառակ էֆեկտին։ Անգամ հասարակությունը կարող է մոբիլիզացվել գործող իշխանության կողքին՝ արտաքին ագրեսիայի դեմ։ ԱՄՆ-ն կարող է ներքաշվել երկարաժամկետ, ռեսուրսատար պատերազմում, ինչպես դա եղավ Վիետնամում, Կորեայում, Աֆղանստանում. դրանից ԱՄՆ-ն ամենից շատն է խուսափում։ Իրանը կարող է դառնալ այնպիսի ծուղակ ԱՄՆ-ի համար, ինչպիսին Ուկրաինան՝ Ռուսաստանի։ Դրա միակ շահառուն ԱՄՆ-ի գեոստրատեգիական հակառակորդն է լինելու՝ Չինաստանը։
Երրորդ՝ Իրանի դիվանագիտական կիսաշանտաժային տակտիկան դեռ հաջողում է․ ԱՄՆ-ն չի կարողանում ձևավորել հակաիրանական տարածաշրջանային ճակատ։ Բացի Իսրայելից, գործնականում որևէ երկիր ԱՄՆ-ի հակաիրանական ռազմական արշավը չի պաշտպանում։ Հատկապես զգալի է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի դիմադրությունը։ Սա լոկացիայի տեսանկյունից ռեբուս է ԱՄՆ-ի համար։
Այս գործոնները Վաշինգտոնը հաշվի չառնել չի կարող, և Իրանում գիտեն այդ մասին ու դրա վրա էլ խաղադրույք են կատարում։ Պատկերավոր ասած՝ կողմերը գործում են «ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ» տրամաբանությամբ, ինչը, սակայն, բնավ չի նվազեցնում պատերազմի հեռանկարը։
Այս ամենից Հայաստանը սովորելու բան ունի․ ինչպես անել, որ իր նկատմամբ հնարավոր որևէ ագրեսիա այնքան թանկ արժենա շահագրգիռ կամ ներգրավվող կողմերի համար, որ նրանք քեզնից ավելի շահագրգիռ դառնան էսկալացիան թուլացնելու հարցում, այլ ոչ թե հակառակը։
Գոռ Աբրահամյան
