Իսրայելը մտադիր է ուժեղացնել Իրանի դեմ հարվածները. Նեթանյահու – Armenia Today

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջիկա օրերին ակտիվացնել Իրանի դեմ հարվածները և հրամայել է շարունակել ռազմական արշավը, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Իսրայելի վարչապետը տեսաուղերձ է ձայնագրել Թել Ավիվի Պաշտպանության նախարարության համալիրի տանիքից՝ նշելով, որ վերջերս ավարտել է հանդիպումը պաշտպանության նախարարի, Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետի և Մոսադ հետախուզական գործակալության ղեկավարի հետ։

«Ես հանձնարարություններ եմ տվել շարունակել արշավը։ Երեկ մենք սպանեցինք… Խամենեիին։ Նրա հետ միասին մենք վերացրինք բռնաճնշող ռեժիմի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այժմ մեր ուժերը հարվածում են Թեհրանի սրտին՝ աճող ուժով, և այդ ուժը միայն կուժեղանա առաջիկա օրերին», – հայտարարել է նա։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական ​​գործողություններ» սկսելու մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:

Ռազմական գործողությունների հետևանքով չեղարկվել էին նաև Երևանից ԱՄԷ և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղություններով չվերթները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին։ Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկային։

Leave a Comment