Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկիրը ենթարկվել է «Իրանի բալիստիկ հրթիռներով իրականացված աղաղակող հարձակման»։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռի խոցման ժամանակ դրա բեկորներն ընկել են Աբու Դաբիի բնակելի թաղամասերից մեկում, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
«ԱՄԷ-ն իրեն վերապահում է այս էսկալացիային պատասխանելու և իր տարածքը, քաղաքացիներին ու բնակիչներին պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու լիարժեք իրավունք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն էլ դատապարտել է «Իրանի աղաղակող ագրեսիան» և լիակատար համերաշխություն հայտնել ԱՄԷ-ին, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին և Հորդանանին։ Այդ երկիրը նաև նախազգուշացրել է լուրջ հետևանքների մասին, եթե շարունակվեն «միջազգային իրավունքի նման խախտումները»։