Ըստ Թրամփի՝ Իրանը մերժել է միջուկային ծրագրով առաջարկները, ըստ Օմանի՝ համաձայնել է հրաժարվել հարստացված ուրանից

Ըստ Թրամփի՝ Իրանը մերժել է միջուկային ծրագրով առաջարկները, ըստ Օմանի՝ համաձայնել է հրաժարվել հարստացված ուրանից

28 փետրվարի 2026 – 12:34 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկները՝ կապված միջուկային ծրագրի հետ։

Նրա խոսքով՝ Իրանի դեմ իրականացված հարվածներից հետո Վաշինգտոնը նախազգուշացրել էր Թեհրանին չվերսկսել միջուկային զենք ստեղծելու փորձերը, սակայն վերջինս չի ընդունել որևէ առաջարկ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այդ հարձակումից հետո (2025 թվականին իրականացված «Կեսգիշերյան մուրճ» գործողությունից հետո – խմբ.) մենք նրանց նախազգուշացրել ենք, որպեսզի նրանք երբեք չվերսկսեն միջուկային զենք ստեղծելու իրենց չարամիտ փորձերը, և մենք բազմիցս փորձել ենք գործարք կնքել… Նրանք չէին ցանկանում դա անել։ Նրանք չէին հասկանում, թե ինչ է կատարվում… Նրանք մերժում էին իրենց միջուկային հավակնություններից հրաժարվելու ցանկացած հնարավորություն», – ասել է Թրամփը տեսաուղերձում:

Թրամփը հավելել է, որ Իրանը փորձել է վերակառուցել իր միջուկային ծրագիրը և շարունակել է հեռահար հրթիռների մշակումը։

Նրա խոսքով՝ այդ հրթիռները կարող են սպառնալ Եվրոպայում գտնվող դաշնակիցներին և արտասահմանում տեղակայված ամերիկյան զորքերին։

«Նրանք փորձեցին վերակառուցել իրենց միջուկային ծրագիրը և շարունակել մեծ հեռահարության հրթիռների մշակումը, որոնք այժմ կարող են սպառնալ Եվրոպայում գտնվող մեր շատ լավ ընկերներին և դաշնակիցներին, արտերկրում տեղակայված մեր զորքերին և շուտով կարող են հասնել Ամերիկայի տարածք», -ասել է նա:

Մինչդեռ Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդին Ժնևում ԱՄՆ-ի հետ անցկացված խորհրդակցություններից հետոհայտարարել էր, որ Իրանը համաձայնել է վերամշակել հարստացված ուրանի իր պաշարները, հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարարը, գրում է «Ցարգրադը»։

«Ինչ վերաբերում է ընթացիկ պաշարներին (Իրանի հարստացված ուրանը – խմբ.), կարծում եմ, որ ներկայումս ձեռք է բերվել համաձայնություն դրանք վերամշակելու մինչև հնարավորինս նվազագույն մակարդակ՝ չեզոք, բնական վիճակի։ Այսինքն՝ դրանք կվերափոխվեն վառելիքի, և այդ վառելիքը չի կարող վերադարձվել նախկին վիճակին», – ասել է նախարարը CBS-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչներին զենքը վայր դնել։

Նա հայտարարել է, որ Իրանի անվտանգության ուժերը պետք է հրաժարվեն դիմադրությունից։ Թրամփը ընդգծել է, որ նրանք պետք է զենքը վայր դնեն կամ մահանան։

Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը»:Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը պատասխան հարված կհասցնի:

Leave a Comment