28 փետրվարի 2026 – 11:15 AMT
PanARMENIAN.Net – Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը», գրում է ՏԱՍՍ-ը:
Բնակչությանը հրահանգվել է դադարեցնել աշխատանքն ու կրթական գործունեությունը, բացառությամբ կենսական նշանակության ձեռնարկությունների:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դժգոհ է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Թեհրանի որդեգրած դիրքորոշումից: Նա հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել հնարավոր ռազմական հարվածի հարցում, հայտնում է Deutsche Welle-ն:
Թրամփի մեկնաբանությունը դարձել է ԱՄՆ իշխանությունների առաջին պաշտոնական արձագանքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո, որոնք նախօրեին անցկացվել են Ժնևում։
«Ինձ չի գոհացնում, որ նրանք պատրաստ չեն մեզ տալ այն, ինչ անհրաժեշտ է։ Այդ պատճառով ես հիացած չեմ», – ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաև ընդգծել է, որ չի ցանկանում կիրառել ռազմական ուժ Իրանի դեմ, սակայն, իր խոսքով, որոշ դեպքերում դա «պետք է անել»։ Նա հավելել է, որ Թեհրանի կողմից ուրանի ցանկացած հարստացում համարում է «անընդունելի»։
Նույն օրը պետքարտուղար Մարկո Ռուբիոն Х-ում գրել է, որ Վաշինգտոնը ճանաչել է Իրանն որպես «պետություն, որը աջակցում է ապօրինի ձերբակալություններին», և կոչ է արել դադարեցնել այդ «զզվելի գործելակերպը և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալված ամերիկացիներին»։
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է բանակցային առաջընթացի մասին, որը կարող է կանխել պատերազմը
Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում փետրվարի 27-ին, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդել է պատվիրակությունների միջև, նշել է, որ Իրանն «համաձայնել է երբեք չկուտակել հարստացված ուրան» և դա որակել է որպես «բանակցություններում բեկում, որը կարող է կանխել պատերազմը»։ Պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանը դեռ չեն մեկնաբանել Օմանի ԱԳ նախարարի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ բանակցությունների նոր փուլը «տեխնիկական մակարդակով» անցկացվելու է հաջորդ շաբաթ Վիեննայում։
Ավելի վաղ «Ալ-Ջազիրան», հղում անելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում Թեհրանը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը միայն ժամանակավորապես և հրաժարվել է ապամոնտաժել միջուկային օբյեկտները։
Իրանի իշխանությունները պնդել են, որ իրենց միջուկային ծրագիրն ունեցել է բացառապես քաղաքացիական բնույթ՝ չնայած ուրանի հարստացմանը մինչև զենք ստեղծելու համար պիտանի մակարդակի։
Մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Իսրայելն ու Իրանը
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հետ է կանչել Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցների մի մասին և խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայել ուղևորություններից՝ «բացի ծայրահեղ անհրաժեշտներից»։ Երկրի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ որպես ԱՄՆ-ի առանցքային դաշնակցի Մերձավոր Արևելքում։
Նմանատիպ առաջարկություններ են հրապարակել նաև Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները։ Չինաստանը, Հնդկաստանը և Կանադան իրենց քաղաքացիներին կոչ են արել հնարավորինս արագ լքել Իրանը՝ ռազմական գործողությունների վտանգի պատճառով։
ԱՄՆ-ն նույնպես դիմել է Իրանում գտնվող իր քաղաքացիներին՝ կոչ անելով «անհապաղ» լքել երկիրը։ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը թույլատրել է աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքներին ժամանակավորապես մեկնել, քանի դեռ հասանելի են «քանի դեռ հասանելի են առևտրային չվերթները»։
Ավելիլ վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է ռազմական տարբերակը, եթե Իրանի հետ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ արդյունք չտան:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը օրինական պատասխան է տալու ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում։