Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պոլիտեխնիկի կողմից նախաձեռնված ծրագրի արդյունքում համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը կայուն զարգացման և էներգաարդյունավետության լավագույն օրինակներից է։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն իրականացվում է հենց Պոլիտեխնիկի ուսանողների կողմից՝ նախագծումից մինչև փաստացի իրականացում և հետագա կառավարում։
Սա ոչ միայն ենթակառուցվածքային լուծում է, այլ նաև կրթական ներդրում․ համալսարանը պատրաստում է մասնագետներ, որոնք հայկական շուկայում լինելու են այս գիտելիքի կրողը և նմանատիպ տեխնոլոգիաների ներդնողը տարբեր հաստատություններում ու պետական հիմնարկներում։
Նախաձեռնությունն ունի նաև կարևոր բնապահպանական ազդեցություն։ Ծրագրի իրականացման արդյունքում կանխվելու է ածխաթթու գազի (CO₂) արտանետումը, և միայն Երևան քաղաքում տարեկան շուրջ 534 տոննա CO₂ գազ չի արտանետվի մթնոլորտ։
Ուրախությամբ ուզում եմ նշել, որ 2025թ․ UI GreenMetric World University Rankings վարկանիշավորման արդյունքում Պոլիտեխնիկը 105 երկրներից 1745 համալսարանների շարքում զբաղեցրել է 703-րդ հորիզոնականը, Եվրոպայում՝ 175-րդը, իսկ Հայաստանում՝ 1-ին տեղը։
Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը շարունակում է մնալ մեր ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ համադրելով կրթությունը, գիտությունը և պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։
Պոլիտեխնիկի զարգացումը շարունակական է՝ hամալսարանում հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է նոր կանաչ այգի, բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կրթական կենտրոններ, հիմնանորոգվում են մասնաշենքերը՝ ձևավորելով բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր մեր ուսանողների համար»,- գրել է քաղաքապետը։
