Ընտրություններից առաջ «բաժանում» բեմադրելով՝ Աննային դարձնում են նախընտրական լրահոսն ու քաղաքական օրակարգը թելադրող առանցքային նոր աղբյուրներից մեկը


ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.

«Անհրավեր հուշում ընդդիմությանը

1.) Աննա Հակոբյանի բացասական վարկանիշը շատ ավելի բարձր էր, քան Նիկոլինը: Պարզ ասած, Աննային հայ ժողովուրդն ատում է ավելի շատ, քան Նիկոլին: Սոցհարցումներն իրենց հերթին, բայց անզեն աչքով էլ կարելի էր սա կռահել՝ շրջելով Հայաստանում կամ ուղղակի ճանաչելով մեր ժողովրդին:

Ընտրություններից առաջ, ահա, «բաժանում» բեմադրելով, փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից: Սա, անկասկած, «բաժանում» օպերացիայի գլխավոր նպատակն է: Առավել ևս, որ «բաժանումը» Նիկոլի հանդեպ ավելացնելու է ժողովրդի բնական խղճահարությունը՝ «խեղճ Նիկոլը լրիվ մենակ մնաց թալանչի բորենիների դեմ» հին ու էժան սյուժեով:

2.) Ընտրություններից առաջ «բաժանում» բեմադրելով, Նիկոլի իշխանության իրական տերերը Աննային այս կերպ դարձնում են նախընտրական լրահոսն ու քաղաքական օրակարգը թելադրող առանցքային նոր աղբյուրներից մեկը: Կօգտագործեն Աննային նախընտրական փուլում այնքան, որքան իրավիճակը կպահանջի: Նիկոլն ու Աննան, իշխանության իրական տերերի համար միշտ էլ եղել են կրկեսի դերասաններ, իսկ ժողովուրդը՝ սերիալ նայող անգիտակից աուդիտորիա: Հիմա, իրավիճակի թելադրանքով հիմնական «հերոս-դերասանների» դերերն են փոխում ու սյուժեի դրաման են սրում: Ընդամենը:

Ըստ այդմ, Աննայի ապագա որևէ «բացահայտում», «խոստովանություն», «ինքնահայեցում», «քննադատություն», ու դրանց Նիկոլի պարտադրված արձագանք, լրահոսում ինքնաբերաբար շատ ավելի մեծ լուսաբանում է ստանալու ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնելու, քան օրվա «ընդդիմության» ձանձրալի տեքստերն ու կրկնվող ռեպերտուարը:

Վստահ եմ, «բաժանում» օպերացիայի տակ այլ հաշվարկներ ու չբացառվող սցենարներ ևս կան՝ քաղաքական «հիմնադրամները» իրավապահ մարմինների երախը գցելուց մինչև Աննայով ընդդիմադիր նոր բևեռի գեներացում և այլն:

Եթե ամեն բան այսպես մնա, Նիկոլն ընտրություններում, ցավոք, կարող է հաղթել օրվա ընդդիմությանը: Բայց միայն ու բացառապես վերջինիս տոտալ ձախողման ֆոնին: Ինչպես 2020 թ. այս կողմ է եղել: Բայց նմանատիպ էժան սերիալներով վերագտնել հայ ժողովրդի երբեմնի սերն ու աջակցությունն՝ այլևս երբեք նա չի կարող: Ժողովուրդներն առաջնորդներին՝ իշխանություն, թե ընդդիմություն, սիրում ու նրանցից հիասթափվում են միայն մեկ անգամ: Չկա աշխարհում մի ուժ, որ կարող է գետին ստիպել փոխել իր հունն ու հոսել գետաբերանից դեպի հուն: Նույնը առաջնորդների հանդեպ ժողովուրդների սերն ու ատելությունն է:

Մնում է, որ տիտղոսային ընդդիմությունը ևս հասկանա այս պարզագույն՝ այբբենական ճշմարտությունը:

Հ.Գ. Տարիներ առաջ դեռ տաքսու մի իմատուն վարորդ չմոռացվող միտք ասաց. «Նիկոլն ինձ գա ասի բարի լույս, ես առաջինը կստուգեմ՝ հո արդեն գիշեր չի՞»»։

Leave a Comment