Թոշակի 10 000 դրամ բարձրացումը՝ ընտրակաշա՞ռք, թե՞ սոցիալական բեռի թեթևացում․ մեկնաբանում են տնտեսագետները

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը Armenia Today-ի հետ զրույցում գնահատել են ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման որոշումը՝ մատնանշելով դրանից բխող հավանական ակնկալիքներն ու հնարավոր ռիսկերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ գրեթե 667 հազար թոշակառուի կենսաթոշակ կբարձրանա 10 հազար դրամով, իսկ ովքեր միջինից բարձր թոշակ են ստանում՝ այդ խմբի համար բարձրացումը կլինի 7000-8000 սահմաններում։ Թորոսյանի խոսքով՝ այս գործընթացը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեից շուրջ 80 միլիարդ դրամի հատկացում:

Փորձագետները իշխանությունների որոշումը նախընտրական քայլ են անվանել, մատնանշելով, որ թոշակների բարձրացումը չի թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը և չի ապահովելու իրական բարելավում։

Նրանց կարծիքով՝ սոցիալական լարվածության ռիսկ կա՝ հաշվի առնելով, որ 80 մլրդ դրամն այս պահին բյուջեում չկա, իսկ իշխանությունն այդ գումարը, նրանց կանխատեսմամբ, սոցիալական այլ ծրագրեր կրճատելու հաշվին է գոյացնելու։

Միքայելյանը նշել է, որ Հայաստանում կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտություն կա, քանի որ դրանք շատ ցածր են սպառողական զամբյուղի նվազագույն արժեքի համեմատությամբ։

«Հայաստանում թոշակները բարձրանում են, բայց գները շատ արագ աճում են, և այդ անհամամասնությունը խնդիր է։ Այս քայլը որոշ չափով անհրաժեշտ էր, սակայն այլ հարց է, թե որքանով է այն էական թեթևացնում սոցիալական բեռը»,- ընդգծել է Միքայելյանը։

Այս համատեքստում նա գնաճի ու գնողունակության համեմատական է անցկացրել՝ շեշտելով, որ այս բարձրացումը շատ քիչ է՝ բեռը թեթևացնելու համար։

«Եթե համեմատենք, օրինակ, 2016 թվականի միջին՝ մոտ 40 հազար դրամ թոշակը կուտակված գնաճի հետ, ապա այսօր նույն գնողունակությունն ապահովելու համար այն պետք է կազմեր մոտ 55 հազար դրամ։ Ներկայիս բարձրացումից հետո միջին թոշակը կհասնի մոտ 57 հազար դրամի։ Բայց, հաշվի առնելով, որ անցել է շուրջ 10 տարի, և տնտեսական աճ է արձանագրվել, սա իրականում շատ չնչին բարձրացում է, եթե չասենք՝ առհասարակ բարձրացում չէ»,- հավելել է նա։

Կամենդատյանը համակարծիք է՝ 10 000 դրամը չի կարող թեթևացնել քաղաքացիների սոցիալական բեռը։

«Այդ 10 000 դրամն ընդամենը 3 օրվա ծախս է, ամսվա կտրվածքով օրական կազմում է 330 դրամ, այդ գումարով քաղաքացիների կենսամակարդակը չի կարող աճել»,- նշել է Կամենդատյանը։

Փորձագետները, մատնանշելով որոշման նախընտրական բնույթի մասին, հիշեցրել են, որ ոչ վաղ անցյալում իշխանությունը թոշակները բարձրացնելու ցանկություն չուներ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարում էր, որ թոշակառուները ճիշտ չեն տնօրինում իրենց գումարները, և պետությունը չի պատրաստվում բարձրացնել բարձր թոշակները։ Այժմ հանկարծ բարձրացում է արվում։ Սկզբում հայտարարվել էր, որ բարձրացումը կլինի մարտի 1-ից, հետո՝ ապրիլի 1-ից։ Ստացվում է, որ հաշվարկված է այնպես, որ ազդեցությունը առավելագույնը զգացվի ընտրություններից առաջ»,- նկատել է Միքայելյանը։

Փորձագետները նաև նշել են, որ այս բարձրացումը խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառքի տրամաբանության մեջ է՝ թոշակի անվան տակ։

«Սա, բնականաբար, դիտարկվում է որպես ընտրակաշառք, քանի որ կան սոցիոլոգիական հարցումներ, որոնցով 45-ից բարձր տարիքային խմբում քաղաքացիները մերժում են իրենց քաղաքական խմբակին և չեն պատրաստվում ձայն տալ ընտրություններին»,- ասել է Կամենդատյանը։

Իշխանության որոշումը դիտարկելով բացառապես նախընտրական համատեքստում՝ Միքայելյանը հավելել է, որ որ այն զուրկ է քաղաքացիների կենսամակարդակի երկարաժամկետ բարելավմանն ուղղված ռազմավարական հեռանկարից։

«Տարիներ առաջ ընտրական գործընթացներում շրջանառվում էր մոտ 10 հազար դրամի չափով ընտրակաշառք։ Հիմա մենք գործ ունենք նույն տրամաբանության հետ։ Եթե իշխանությունը իսկապես ցանկանում էր կայուն սոցիալական քաղաքականություն իրականացնել, դա պետք է արվեր այլ կերպ»,- շեշտել է նա։

Միքայելյանը մատնանշել է «քեշբեքի» գործող համակարգի ժամանակավոր բնույթը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 10 000 դրամի լրացուցիչ վերադարձ։ Տնտեսագետի կանխատեսմամբ՝ այդ համակարգի դադարեցումից հետո կենսաթոշակառուների փաստացի եկամուտները կնվազեն՝ չեզոքացնելով բազային թոշակի բարձրացումից սպասվող արդյունքը։

«Ստացվում է, որ մի քանի ամիս զուգահեռ գործում են և՛ թոշակների բարձրացումը, և՛ քեշբեքի համակարգը։ Սակայն ընտրություններից հետո քեշբեքը կդադարեցվի, և քաղաքացիների ստացած ընդհանուր գումարը կնվազի»,- հավելել է Միքայելյանը։

Վերջինս միաժամանակ նշել է, որ 2026-ի համար բյուջեի պակասորդը նախատեսված է 536 մլրդ դրամ, որը գրեթե 1,5 մլրդ դոլար է, մինչդեռ  թոշակների բարձրացում բյուջեում նախատեսված չէր։ Միքայելյանը նաև ընդգծել է, որ թոշակառուների թիվն ուռճացված է։

«Հայաստանում իրականում կա մոտ 490 հազար թոշակառու։ Բարձրացումն էլ բոլորի համար նույն չափով չէ, միջին բարձրացումը նախնական մոտ 8000 դրամ է, ինչը ևս հարց է։ Բացի այդ, տարեկան կտրվածքով ծախսը կարող է կազմել մոտ 48 մլրդ դրամ, իսկ եթե հաշվենք 8 ամսվա համար՝ մոտ 32 մլրդ դրամ։ Մինչդեռ  իշխանությունները հայտարարում են մոտ 75 մլրդ դրամի մասին այն դեպքում, երբ խոսքը 32 մլրդ լրացուցիչ ծախսի մասին է»,- իր հաշվարկներով ընդգծել է Միքայելյանը։

Կամենդատյանի հաշվարկներով՝ թոշակների բարձրացումը բյուջեի համար մոտ 60 մլրդ դրամի ծախս է նախատեսելու։

«Այդ 60 մլրդն այս պահին չկա։ Հուլիսին՝ անապահովության կարգերի որոշման ժամանակ, հավանաբար փորձելու են նպաստներից զրկել տասնյակ հազարավոր քաղաքացիների ու այդտեղից 60 մրդի մոտ 40 մլրդը բերել, 15 մլրդ դրամի խնդիրն էլ կփորձեն այլ ծրագրով լուծել։ Այս ամենը սոցիալական լարվածության է հանգեցնելու, որովհետև այդ գումարները ոչ թե գոյանալու են բյուջեի նոր մուտքերից, այլ տարբեր սոցիալական ծրագրերին ուղղվող գումարների տեղափոխությունից։ Այսինքն՝ մեկից վերցնելու են, մյուսին տան»,- կանխատեսել է ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամը։

Միքայելյանի գնահատմամբ՝ գործող իշխանությունների կառավարման տարիներին, տնտեսական աճի և պետական պարտքի ավելացման պայմաններում կենսաթոշակների իրական բարձրացում չի արձանագրվել՝ չնայած պաշտոնական հավաստիացումներին:

«Միաժամանակ բյուջեից մեծ ծախսեր են ուղղվում այլ ծրագրերի՝ եկամտահարկի վերադարձի, առողջապահական համակարգի, ապահովագրության և այլ ուղղություններով։ Կա նաև պետական ապարատի աշխատավարձերի բարձրացում։ Այս ամենը համադրելով՝ ստացվում է, որ ընտրություններին մոտ ժամանակահատվածում իրականացվում են ծախսային քայլեր, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ»,- շեշտել է Միքայելյանը։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությունն է նաև այլ ոլորտներում՝ օրինակ՝ ջրամատակարարման գրաֆիկի շուրջ հայտարարություններում (կառավարության միջամտությամբ «Վեոլիա Ջրի»՝ մայիսի 1-ից 17 ժամ տևողությամբ ջրամատակարարման որոշումը կասեցվել էր-խմբ․)։

«Երբ առաջանում է սոցիալական դժգոհության ռիսկ, իշխանությունն արագ վերանայում է որոշումները։ Սա ընտրական փուլում իշխանական ռեսուրսի կիրառման օրինակ է։ Պոպուլիստական ուղղվածության քայլեր են սրանք»,- նկատել է Միքայելյանը։

Ամփոփելով փորձագետները մատնանշել են բյուջետային միջոցների կառավարման ցածր արդյունավետությունը և ռիսկերը պետական բյուջեի համար։

Նրանց խոսքով՝ ընտրություններին ընդառաջ ծախսեր են նախատեսում, իսկ ընտրություններից հետո քաղաքացիներին կզրկեն դրանցից, տնտեսական օգուտներից՝ արագացող գնաճի և գնողունակության անկման հետևանքով։

«Ինչ կլինի հետո՝ նրանց համար կարևոր չէ, որովհետև հիմա պետք է ընտրություններ անցկացնեն»,- եզրափակել է Միքայելյանը։

Կարդացեք նաև՝

«Թոշակառուի քթից բերում են» և «Քարտով ավելի հարմար է». քաղաքացիները՝ անկանխիկ եղանակով վճարումների մասին

«Թոշակի գումարը քիչ է», «պաշտոնյաների համար 50 000-ը մեկ րոպեի ծախս է», «Փաշինյանը ճիշտ է»․ հարցում

Ցածր թոշակները կբարձրանան 10 000 դրամով, համեմատաբար բարձրները՝ քիչ. Փաշինյան

Աննա Բադալյան

Leave a Comment