Ցույց՝ «Յանդեքսի» դիմաց․ «Տաքսու վարորդներից գանձվող տոկոսներն ահռելի են՝ մինչև 34%»

Ցույց՝ «Յանդեքսի» դիմաց․ «Տաքսու վարորդներից գանձվող տոկոսներն ահռելի են՝ մինչև 34%»

27 փետրվարի 2026 – 18:18 AMT

PanARMENIAN.Net«Յանդեքս» ընկերության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից տաքսու վարորդները բողոքել են գանձվող մեծ տոկոսներից, ընկերության հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունից:

«Պահանջներն ահավոր շատ են, առաջին հերթին ուղեվճարից գանձվող տոկոսները թող իջեցնի, վարորդներից գանձվող տոկոսներն ահռելի շատ են՝ մինչև 34%։ 5% պետության հարկը, որը չգիտենք ինչի համար է, 4.5 % պարկերի տոկոսը, որն էլի չգիտենք, թե ինչի համար է»,- ասել է տաքսու վարորդ Արթուր Դավթյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ բիզնեսի տարիֆով տաքսու վարորդներին հնարավորություն է տրվում, որպեսզի «ստարտ» միացնի և այն «Ստարտ» տարիֆով տաքսի վարողների գործին խփում է։

Նա նշել է, որ եղել են դեպքեր, երբ «Բիզնես» տարիֆով աշխատող վարորդը միացրել է «ստարտ», իսկ պատվերը ստացած «Ստարտ» տարիֆով մեքենան, հասնելով հաճախորդի մոտ, պարզել է, որ պատվերն արդեն չեղարկվել է։ Հաճախորդը բացատրել է, որ «Յանդեքս» հարթակի ծրագիրն է ավտոմատ կերպով չեղարկել նախորդ պատվերը, այլ ոչ թե ինքը։

Ըստ Դավթյանի, ծրագիրն ինքնաշխատ է չեղյալ համարում «Ստարտ» տարիֆով վարողի պատվերը և փոխարինում, ավելի բարձրակարգ «Բիզնես» դասի մեքենայով, որպեսզի հաճոյանա հաճախորդին։

«Յանդեքս» ընկերության անունից ակցիայի մասնակիցներին մոտեցած Ռոբերտ անունով աշխատակիցը հայտնել է, որ կարող են ընդունել ընդամենը երեք քաղաքացու։ Ակցիայի մասնակից, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկել է, որպեսզի լարվածություն չառաջանա, ընդունեն նվազագույնը հինգ անձի, քանի որ տարբեր տարիֆներով աշխատող վարորդներ կան, որոնք առանձին պահանջներ ունեն։

Ընկերության ներկայացուցիչը պնդել է, որ ընդունելության սենյակը կարող է տեղավորել միայն երեք հոգու, սակայն գնացել է ճշտելու հնարավորությունը, ինչից հետո կողմերը համաձայնել են ընդունել չորս քաղաքացու։

Մեսրոպ Մանուկյանը շարունակել է ներկայացնել վարորդների բարձրացրած խնդիրները՝ նշելով, որ ընկերության քարտեզները և իրական իրավիճակը չեն համընկնում, ինչի հետևանքով վարորդները, հետևելով հարթակի ցուցումներին, խախտել են ՃԵԿ-ն և տուգանվել։

Ավագանու անդամը նաև նշել է, որ վարորդների վարկանիշը արհեստականորեն նվազեցվել է, և բացակայում է արդյունավետ հաղորդակցություն ընկերության հետ, որպեսզի հնարավոր լինի բողոքարկել որոշումները։

Նա անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ ուղևորը հեռացել է առանց վճարելու, իսկ վարորդը չի կարողացել կապ հաստատել ընկերության հետ՝ տեղեկացնելու համար։

«Վարորդները նաև առաջարկում են իրենց էլ թույլ տան հասարակական տրանսպորտի համար նախատեսված գծերով երթևեկել, քանի որ համակարգում իրենց մեքենաների համարանիշները կան»,-եզրափակել է Մանուկյանը։

Ավելի վաղ Մանուկյանը գրել էր, որ վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։

Leave a Comment