«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է իր աշխատակիցներից մեկի անունից տարածվող էլեկտրոնային նամակի իսկությունը՝ այն գնահատելով որպես կեղծ և ապատեղեկատվություն։
Էլեկտրոնային նամակը ստացել էր նաև Armenia Today-ի խմբագրությունը։ Նամակի հեղինակը ներկայացել էր որպես «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյան և հայտարարել հիմնադրամում «դրամական միջոցների հափշտակման մասին»։ Նամակում նշվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին տիկնոջ՝ «Աննա Հակոբյանի կողմից 4 մլն դոլար նվիրատվություն դուրս բերելու, դրա վերաբերյալ Քննչական կոմիտեին դիմում ներկայացնելու մասին»։
Հիմնադրամից հայտնում են, որ էլեկտրոնային հաղորդագրությունը որևէ առնչություն չունի Հարությունյանի հետ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 18-ին անհայտ անձինք գրանցել են projects-mystep.foundation դոմեյնը և այդ միջոցով համակարգված կերպով «ուղարկել ապատեղեկատվական նամակներ՝ փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի ու գործադիր տնօրենի հեղինակությանը»։
Հիմնադրամը նշում է, որ բաց աղբյուրների համաձայն՝ տվյալ դոմեյնի վերաբերյալ տեղեկատվությունը փակ է, իսկ այդ դոմեյնով բացված էլեկտրոնային հասցեները ապաակտիվացված են։ Տարածվող տեղեկատվությունը հիմնադրամը որակել է որպես «նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում»։
Հավելել են, որ աշխատակից Հարությունյանը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ իր անվան ապօրինի օգտագործման և ապատեղեկատվության տարածման դեպքը բացահայտելու համար։ Հիմնադրամը հորդորում է քաղաքացիներին չարձագանքել նման նամակներին, չտարածել դրանց բովանդակությունը և տեղեկացնել միայն պաշտոնական կապի միջոցներով։ Դեպքի առնչությամբ, ըստ հայտարարության, արդեն ձեռնարկվում են իրավական քայլեր։
Անդրադառնալով տարածված նամակին՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ «Իմ քայլը» հիմնադրամին առնչվող քրվարույթ չկա։
Կարդացեք նաև՝
«Իմ քայլը» հիմնադրամն արձագանքել է անանուն նվիրատուների մասին հրապարակմանը
«Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ֆինանսական կորուստներ ունենալու մասին մամուլի հրապարակումները
