Աֆղանստանը հարված է հասցրել Պակիստանի միջուկային ենթակառուցվածքին – Armenia Today

Փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը Աֆղանստանի և Պակիստանի միջև երկարամյա հակամարտությունը վերածվել է բաց ռազմական առճակատման՝ հարյուրավոր զոհերով և փոխադարձ ավիահարվածներով, հայտնում է BBC-ն։

Աֆղանական ուժերն, ի պատասխան Պակիստանի նախորդ օրերի ավիահարվածների, լայնածավալ հարձակողական գործողություն են սկսել սահմանային շրջաններում՝ հարվածներ հասցնելով Աբբոտաբադի, Ջամրուդի, Նաուշերայի և Ֆայզաբադի շրջաններում գտնվող պակիստանյան ռազմական բազաներին, այդ թվում՝ ենթադրաբար միջուկային ենթակառուցվածքին:

Պակիստանը պատասխանել է ավիահարվածներով՝ թիրախավորելով Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, ինչպես նաև Քանդահար և Փաքթիա նահանգները: Պակիստանի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռի խոցման մասին աֆղանական կողմի պնդումները Իսլամաբադը դեռ չի հաստատել: Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է Աֆղանստանի հետ «բաց պատերազմի» մասին, մինչդեռ երկու կողմերն էլ հաղորդում են հակառակորդի կրած ծանր կորուստների մասին:

Իսլամաբադը պնդում է, որ ոչնչացրել է շուրջ 133 աֆղան զինյալների և 80 միավոր ռազմական տեխնիկա, մինչդեռ Քաբուլը հայտնում է 55 պակիստանցի զինծառայողի զոհվելու, 15 սահմանային կետի և երկու ռազմակայանի գրավման մասին: Սեփական կորուստների վերաբերյալ տվյալները ևս հակասական են. Աֆղանստանը խոստովանում է 8 զինծառայողի կորուստ, մինչդեռ Պակիստանը չի հրապարակում իր զոհերի թիվը։

Իրադարձությունների ֆոնին միջազգային հանրությունը կոչ է անում զսպվածություն և դադարեցնել կրակը: Չինաստանն ու Ռուսաստանն արդեն առաջարկել են իրենց միջնորդական ծառայությունները՝ փորձելով կանխել հակամարտության վերաճումը լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի:

Leave a Comment