27 փետրվարի 2026 – 18:03 AMT
PanARMENIAN.Net – Կարծիքներ կան, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում անհրաժեշտ է ունենալ մեկից ավելի երաշխավորներ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը:
Ըստ նրա՝ հասկացել ենք, որ պրոբլեմը մերն է, և մենք ենք մեր պրոբլեմի տերը:
«Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության մասին շատ են խոսում, որ թող մեկից ավելի երաշխավորներ լինեն և այլն և այլն։ Իմ կարծիքով՝ սա մեր հին մտածողության արդյունք է, որովհետև մենք մոռանում ենք, որ մենք դե յուրե պարտավորությամբ արձանագրված անվտանգության երաշխավոր ենք ունեցել։
Տարածաշրջանային խնդիրների հետ առերեսվելիս մեր առաջնային ռեակցիաները մոտավորապես եղել են հետևյալը․ իսկ ո՞ւմ մենք պետք է զանգենք։ Սա եղել է մեր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ռեակցիան, բայց մի x պահի մենք հասկացել ենք, որ դա սխալ մոտեցում է։ Եվ քաղաքական հիմնական փոփոխությունը, որ մեզանում տեղի է ունեցել, այն է, որ մենք հասկացել ենք՝ պրոբլեմը մերն է, և մենք ենք մեր պրոբլեմի տերը։
Հետևաբար մեր հոգսն է այդ պրոբլեմը լուծելը։ Եվ մենք գնացել ենք, մեր պրոբլեմները լուծել ենք, այդ թվում՝ ինքներս մեր ցավը կրկնապատկելով, երբեմն եռապատկելով, երբեմն հնգապատկելով երբեմն տասնապատկելով, որովհետև հասկացել ենք, որ ցավը մերն է, մենք պետք է բուժենք, քանի որ այդ ցավը ուրիշին չի ցավեցնում, դա մեզ է ցավեցնում։ Եվ, հետևաբար, մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը աշխարհը և իրադրությունն ու մեր պրոբլեմն ընկալելու ընդունակությամբ և մեր պրոբլեմին լուծումներ գտնելու ընդունակությամբ»,- նշել է ՀՀ վարչապետը։
Վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել է Լեհաստան կատարած պաշտոնական այցի նպատակներին և ակնկալիքներին՝ ընդգծելով Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության առաջնահերթությունները՝ խոսելով խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։
Վարչապետը նաև անդրադարձել է «Իրական Հայաստան» գաղափարախոսությանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքները։