Աֆղանցի թալիբները գրոհել են Պակիստանը՝ ավիահարվածին ի պատասխան

Աֆղանցի թալիբները գրոհել են Պակիստանը՝ ավիահարվածին ի պատասխան

27 փետրվարի 2026 – 16:24 AMT

PanARMENIAN.NetԱֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը հայտարարել է Պակիստանի ռազմական օբյեկտների դեմ «լայնամասշտաբ հարձակողական գործողություններ» սկսելու մասին։

Շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը նշել է, որ որոշումը ընդունվել է ի պատասխան Իսլամաբադի կողմից «բազմակի սադրանքներին և սահմանի խախտումներին»:

Փետրվարի 21-ին Պակիստանի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Պակտիա և Նանգարհար նահանգներին՝ Դյուրանդի վիճահարույց գծի մոտ՝ հայտարարելով, որ թիրախում եղել են «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» և «Իսլամական պետության» խմբավորումների ճամբարները, գրում է The Moscow times-ը:

Այժմ մարտական գործողությունները ընթանում են Նանգարհար, Նուրիստան, Կունար, Խոստ, Պակտիա և Պակտիկա նահանգներում։ Մուջահիդի խոսքով՝ «Թալիբանի» ուժերը վերահսկողություն են հաստատել 15 դիրքի նկատմամբ և սպանել 40 հակառակորդ զինծառայողի, կան նաև վիրավորներ և գերիներ։

Պակիստանի տեղեկատվության նախարարությունում հայտարարել են, որ թալիբները «չհրահրված կրակ են բացել» սահմանի երկայնքով և ստացել են «անհապաղ և արդյունավետ պատասխան»՝ կրելով «ծանր կորուստներ»։

Պակիստանյան աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել են թալիբների 22 զոհի և խոցված անօդաչու սարքերի մասին։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ փոխհրաձգությունը տևել է ավելի քան երկու ժամ։

Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մոշարրաֆ Զաիդին ընդգծել է, որ ոչ մի պակիստանյան հենակետ չի գրավվել կամ ոչնչացվել։ Նա նաև զգուշացրել է, որ «ցանկացած ագրեսիա հայելային պատասխան կստան»։

Միևնույն ժամանակ Մուջահիդը չի բացառել, որ հարվածներ կարող են հասցվել Պակիստանի «խոշոր կենտրոններին և կարևոր քաղաքներին», եթե հարձակումներ իրականացվեն Քաբուլի կամ Աֆղանստանի այլ խոշոր քաղաքների վրա։

Սրացման ֆոնին Պակիստանն ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն ամբողջ երկրում․ զորքերը բերվել են բարձր պատրաստականության վիճակի, ակտիվացվել են հետախուզական տվյալների հիման վրա գործողությունները, ձերբակալվել են տասնյակ անձինք՝ զինված խմբավորումների հետ կապերի կասկածանքով, այդ թվում՝ Աֆղանստանի քաղաքացիներ։

Աֆղանստանն ու Պակիստանը երկար ժամանակ հակասությունների մեջ են եղել թե՛ ահաբեկչական խմբավորումների գործունեության, թե՛ 2611 կիլոմետր երկարությամբ Դյուրանդի գծի պատճառով։ Այս պայմանական սահմանը ձևավորվել է 1893 թվականին երկու անգլո-աֆղանական պատերազմների արդյունքում, սակայն մինչ այժմ չի եղել սահմանագծված, և դրա լեգիտիմությունը վիճարկվել է Քաբուլի կողմից։

Leave a Comment