ՊՆ. Ընկերություններին հորդորում ենք համապատասխան պայմաններ ապահովել՝ գաղտնի աշխատանքների համար

ՊՆ. Ընկերություններին հորդորում ենք համապատասխան պայմաններ ապահովել՝ գաղտնի աշխատանքների համար

27 փետրվարի 2026 – 16:20 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է գաղտնի ընթացակարգերով իրականացվող գնումների նոր կարգի մասին և հորդորել ընկերություններին ապահովել համապատասխան պայմաններ՝ գաղտնի աշխատանքների իրականացման համար:

Գերատեսչությունը նշել է, որ դեռևս 2025-ի հուլիսին ՊՆ պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որով տեղեկացրել է, որ 2026 թվականից սկսած՝ նախարարության կարիքների համար գաղտնի ընթացակարգով կազմակերպվող գնումների հրավերները «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվելու են բացառապես նախաորակավորված այն կազմակերպություններին, որոնք ունեն գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ իրականացնելու իրավունք, իսկ նրանց համապատասխան աշխատակիցները՝ այդ տեղեկություններին առնչվելու թույլտվություն։

«Նախարարությունը մշտապես ձեռնարկել և ձեռնարկում է քայլեր՝ իր կարիքների համար գնման գործընթացները մրցակցային, թափանցիկ և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու նպատակով, ինչպես նաև խրախուսել է մասնակիցների շրջանակի հնարավորինս ընդլայնումը։ Այդ համատեքստում կրկին հորդորում ենք այն ընկերություններին, որոնք պատրաստվում են մասնակցել ՊՆ գնման գործընթացին և չունեն նշված իրավունքը, ստեղծել անհրաժեշտ պայմաններ գաղտնի աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նաև դիմել պաշտպանության նախարարություն՝ գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ կատարելու իրավունք ստանալու նպատակով ՀՀ ԱԱԾ միջնորդություն ներկայացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Գաղտնի տեղեկությունների կիրառմամբ աշխատանքներ իրականացնելու իրավունքի ձեռքբերման ընթացակարգի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 29 44 18, 010 29 43 53, 010 66 24 94։

Leave a Comment