Չախոյանին դանակահարած տղամարդը մեղավոր է ճանաչվել

Չախոյանին դանակահարած տղամարդը մեղավոր է ճանաչվել

27 փետրվարի 2026 – 14:04 AMT

PanARMENIAN.Net – Ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած, այնուհետև նրան դանակահարած տղամարդը ճանաչվել է մեղավոր։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Էդգար Կուչուկյանին դատապարտել է ազատության սահմանափակման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սահմանելով երեկոյան տնից դուրս գալու արգելք։ Այդ մասին հայտնել են դատարանից, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտա 43-րդ շենքի 3-րդ շքամուտքի հարևանությամբ, Էդգար Կուչուկյանը, քննությամբ դեռևս չպարզված երկու անձանց հետ, մոտեցել է Արթուր Աշոտի Չախոյանին և հարցրել «չճանաչեցիր ինձ», ինչին վերջինս պատասխանել է «ոչ»։ Ստացված պատասխանը որպես առիթ օգտագործելով՝ նրանք, խմբի կազմում գործելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները, խուլիգանական դրդումներով՝ չնչին առիթով սեփական առավելությունն ընդգծելու մոլուցքով, հարձակվել են Չախոյանի վրա։ Նրան ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ստորին շրթունքի արյունազեղում, որովայնի և զույգ ծնկան հոդերի շրջանների քերծվածքներ։

Դրանից հետո Էդգար Կուչուկյանը և չպարզված երկու անձիք դիմել են փախուստի։ Այդ ընթացքում Կուչուկյանը, Չախոյանին մոտենալուց հետո, կանգնել է ոտքի և գրպանից հանելով դանակը՝ հարվածներ է հասցրել նրա որովայնի ձախ հատվածին և զույգ դաստակների շրջաններին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ կրծքավանդակի ձախ կեսի քերծվածք և զույգ դաստակների հատվածներում կտրված վերքեր։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Leave a Comment