
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի զինված ուժերի դեմ իրականացված պատասխան ռազմական գործողության ավարտի մասին։
«Կեսգիշերին, Իսլամական Էմիրության շտաբի պետի հրամանով, ռազմական գործողությունները դադարեցվեցին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Աֆղանստանի նախարարությունը հայտնել է պակիստանցի 55 զինվորների մահվան, մի քանիսի գերեվարման, զինամթերքի առգրավման մասին։
Աֆղանական կողմը հայտնել է իր ութ մարտիկի կորստի և ևս 11-ի վիրավորման մասին: Բացի այդ, Նանգարհար նահանգում գտնվող փախստականների ճամբարի վրա Պակիստանի կողմից հասցված հրթիռային հարվածի հետևանքով վիրավորվել է 13 քաղաքացիական անձ:
Իսկ Պակիստանից հայտնել են, որ զինված ուժերի գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 130 աֆղան զինվոր և ոչնչացվել է մոտ 80 միավոր աֆղանական ռազմական տեխնիկա։