ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան Գոռ Գևորգյանը գրում է. «XIX–XX դդ. Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությանը հաճախ վերագրում են «Այս պահին խոստացիր ամեն ինչ, հետո իրավիճակ կփոխվի» ձևակերպմամբ մոտեցումը:
Սա «բալանսավորման դիվանագիտության դարաշրջանին» բնորոշ մոտեցում է, որն իրեն կարող էր թույլ տալ միայն այն պետությունը, որը ուներ ուժի ռեսուրս, պայմաններ թելադրելու կարողություն, ռազմավարական ինքնավարություն և «փոխված իրավիճակի հետևանքները «վերապրելու» ունակություն, տվյալ դեպքում Անգլիան, և ոչ միայն:
Բրիտանական արտաքին քաղաքականությանը բնորոշ մոտեցումը չեն կարող իրենց թույլ տալ սակավ ռեսուրսներով փոքր պետությունները, ինչպես օրինակ Հայաստանն է:
Փոքր պետության նման վարքագիծը` «Այս պահին խոստացիր ամեն ինչ, հետո իրավիճակ կփոխվի», գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև:
Նման օրակարգով փոքր պետության նկատմամբ արտաքին վստահության քվեն ավելի շուտ է մաշվում ու չեղարկվում, քան այն ժամանակը, որը պետք է ծառայեր «իրավիճակի փոփոխմանը», արդունքում արձանագրվում է պետության ձախողումը:
Փոքր պետության արտաքին քաղաքական կարևորագույն կապիտալներից է` կանխատեսելիությունը, իսկ խոշորինը` ճկունությունը:
Հետևաբար Հայաստանը չէր կարող և չի կարող խոստանալ ամեն ինչ, իսկ հետո ասել թե իրավիճակ փոխվեց:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի անվտանգությունը սկսվում է ոչ թե բազմակողմանի հավաստիացումներից, այլ կարմիր գծերի պաշտպանության պատասխանատվությունից»: