Գեղեցկության մրցույթում 20 ուղտ որակազրկվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք անցել են կոսմետիկ միջամտություններ. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Օմանում ընթացող գեղեցկության մրցույթում 20 ուղտ որակազրկվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք անցել են կոսմետիկ միջամտություններ, հայտնում է Daily Mail-ը:
Ուղտերի գեղեցկության մրցույթները պարբերաբար անցկացվում են Ծոցի երկրներում և ունեն մեծ մշակութային հեղինակություն, սակայն Մասկատում կայացած մրցույթի բարձր չափանիշները դրդել են բուծողներին դիմել խարդախության՝ առավելության հասնելու համար:
Կենդանիների արտաքինը «բարելավելու» համար օգտագործվել են բոտոքսի արգելված ներարկումներ՝ շուրթերի չափը մեծացնելու համար, մկանային ռելաքսանտներ՝ դիմագծերը փափկեցնելու և սիլիկոնային մոմ՝ սապատն ընդլայնելու համար:
Մրցույթում ներգրավված անասնաբույժ-փորձագետներն առաջինն են նկատել կատարված կոսմետիկ փոփոխությունները, ինչի արդյունքում պաշտոնյաները որակազրկել են 20 ուղտերին։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիները որակազրկվում են նմանատիպ միջամտությունների պատճառով: 2021 թվականին Սաուդյան Արաբիայում անցկացվող մրցույթից նույն պատճառով հեռացվել էր ավելի քան 40 ուղտ։
Ինչպես հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը (SPA), ժյուրին կիրառել է «առաջադեմ» տեխնոլոգիաներ՝ նախկինում չտեսնված մասշտաբների հասնող միջամտությունները բացահայտելու համար:
Մրցույթի կազմակերպիչները՝ «Ուղտերի ակումբը» (Camel Club), հայտարարել են, որ իրենք «վճռական են՝ կանգնեցնելու ուղտերի գեղեցկացման հետ կապված խարդախության բոլոր փորձերը» և խոստացել են «խիստ պատիժներ կիրառել մանիպուլյացիա անողների նկատմամբ»։
Նրանք մանրամասնել են, թե ինչպես են բոտոքս ներարկել ուղտերի շուրթերի, քթի, ծնոտի և գլխի այլ հատվածների մեջ՝ մկանները թուլացնելու համար, կոլագենային լցոնիչներ (ֆիլլերներ)՝ շուրթերն ու քիթը մեծացնելու համար, և հորմոններ՝ մկանների աճը խթանելու նպատակով։
