«Մենք՝ մեր», «ՀՀ-ին միշտ Ռուսաստանն է օգնել», «ԱՄՆ-ն է ՀՀ-ի հույսը». հարցում՝ որ երկիրն է ՀՀ-ին բարեկամ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առաջին գործող ամերիկացի փոխնախագահն է, որ այցելել է Հայաստան:

Այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստորագրվել են միջուկային էներգետիկայի և ռազմական-տեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ, ինչպես նաև խոսվել է խաղաղության գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի մասին։ Այցը նաև հակասություններ է առաջացրել՝ օրինակ Հայոց ցեղասպանության հիշատակի մասին գրառման ջնջումը։

Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ հետաքրքրվելով, թե քաղաքացիների կարծիքով՝ Հայաստանն անվտանգության առումով պետք է ավելի շատ ԱՄՆ-ի՞, թե՞ ՌԴ-ի վրա հենվի, ինչպես նաև ԱՄՆ-ից զենք գնելը կուժեղացնի՞ Հայաստանի անվտանգությունը։

Քաղաքացիների կարծիքները տարբեր էին. ոմանք նշել են՝ Հայաստանը պետք է անվտանգության առումով հենվի միայն ԱՄՆ-ի վրա, քանի որ Ռուսաստանից այլևս սպասելիքներ չունեն։

«Երևի Ամերիկայի, որովհետև Ռուսաստանն արդեն իրեն ցույց տվեց»,- պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը:

Մյուսների կարծիքով էլ՝ Ռուսաստանը Հայաստանի միակ դաշնակիցն է, և հենց Մոսկվան կարող է լուծել Հայաստանի անվտանգային հարցերը։

«Մեզ ավելի մոտ է Ռուստաստանը։ Իսկ զենքի առումով ցանկացած տեղից զենք գնելը գովելի է»,- ասել է քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշը ևս, ով ՀՀ-ի բարեկամն է համարում Ռուսաստանը, նշել է՝ ԱՄՆ-ն ֆիզիկապես էլ հեռու է:

«Ամերիկան մինչև գա, հասնի, այստեղ արդեն բան չի մնա տակը», – ասել է նա:

Քաղաքացիների երրորդ խումբը գտնում է, որ Հայաստանի հույսը պետք է լինի հենց իր քաղաքացին։

«Ուժեղ պետության համար պետք է համախմբված հասարակություն»,- շեշտել է հարցման մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment