26 փետրվարի 2026 – 17:04 AMT
PanARMENIAN.Net – «Հայաքվեն» դեռ 2025-ի սեպտեմբերից էր նախաձեռնել թոշակների բարձրացման պահանջը և ավելի քան կես տարի շարունակված պայքարը սկսել է տալ առաջին արդյունքները, ասել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում:
Նա հայտարարել է, որ ցանկանում են շնորհավորել ավելի քան կես միլիոն կենսաթոշակառուների, և միաժամանակ նշել է, որ թոշակների բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ:
Նրա խոսքով՝ նախորդ յոթ տարիների ընթացքում կենսաթոշակները այդ չափով չեն բարձրացել, որքան վերջին որոշմամբ, հայտնում է Panorama.am-ը:
«Խոսել ենք այն մասին, որ մեր երկրում կենսաթոշակներն անթուլատրելի, չհիմնավորված ցածր են, որ բյուջետային ռեսուրսները ծախսվում են բազմաթիվ քաղաքական, չհիմնավորված նպատակների վրա՝ փոխանակ օգտագործվեն մեր բազմահազարանոց քաղաքացիների բարեկեցությունը բարելավելու համար»,-ասել է Չալաբյանը:
Նա շեշտել է, որ այդ պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՍՀ նախարարը որակել են որպես պոպուլիզմ և հիբրիդային պատերազմ իրենց վարչախմբի դեմ՝ նշելով, թե կենսաթոշակների բարձրացումը նպատակահարմար չէ, քանի որ թոշակառուները չեն կարողանա արդյունավետ օգտագործել այդ գումարը։
«Փառք Աստծո, այդ անհեթեթ կուրսը, որ իրենք որդեգրել էին, վերջապես եկավ իր տրամաբանական ավարտին, երբ նրանք ընդունեցին այն, ինչը, որ բոլորիս համար ակնհայտ էր, որ մեր երկրում կենսաթոշակառուները, բացարձակ իրավազուրկ, ստորացված վիճակում են ապրում և նրանց խնդիրները պետք է սկսել լուծել»,-ասաց Չալաբյանը:
Նա նշել է, որ իշխանությունները մտավախություն են ունեցել, թե թոշակառուները ընտրությունների ժամանակ իրենց դեմ են քվեարկելու, և որպես ընտրակաշառք 10 հազար դրամով բարձրացրել են թոշակներն ու նպաստները, սակայն, ըստ նրա, թոշակառուները կստանան այդ գումարը և միևնույն է կքվեարկեն իշխանությունների դեմ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում ապրիլից կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացման որոշումը վերաբերելու է 667 հազար մարդու, իսկ առանձին դեպքերում աճը կարող է կազմել 7-8 հազար դրամ, հայտնում է Արմենպրեսը:
Նա անդրադարձել է նաև այն հարցադրումներին, թե ինչու կառավարությունը մինչև ընտրությունների նախաշեմը չի բարձրացրել կենսաթոշակները։ Նախարարի խոսքով՝ մինչ այս պահը կենսաթոշակներն ու նպաստները բարձրացվել են այլ մեխանիզմներով՝ հետվճարի տարբերակով, մի քանի տարի առաջ իրականացվել է նաև ուղիղ բարձրացում, ինչպես նաև 65 տարեկանից բարձր անձանց համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ, այդ թվում՝ առողջության ապահովագրություն։
«Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել: Դա 2025 թվականին մեր գրանցած տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության այլ հետևություններ անել, նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ավելի ռիսկային էին թվում:
Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը վերաբերում է 667 հազար մարդու, բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ՝ կերակրող կորցնելու կենսաթոշակը և այլն: Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7 կամ 8 հազար դրամ: Այս դեպքում խոսքը փոքրաթիվ քաղաքացիների մասին է, որոնք ստանում են արդեն իսկ բարձր կենսաթոշակ, միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիներին է սա է վերաբերվում»,-ասել է նախարարը։
Նշվել է, որ այս տարվա ընթացքում այդ բարձրացումը ֆինանսավորելու համար անհրաժեշտ բյուջետային ծախսը կազմելու է մոտ 80 միլիարդ դրամ։ Թորոսյանի խոսքով՝ կառավարությունն ունի այդ միջոցները և վերաբաշխումների միջոցով դրանք փոխանցելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե։
Կենսաթոշակների բարձրացման համար նախատեսվել է մի քանի որոշում, որոնք ընդունվելու են կառավարության առաջիկա նիստերին։
Կառավարության մտադրության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր փետրվարի 25-ին՝ հայտարարելով, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրացվելու են։