Հայաստանը մինչ օրս վրացական կողմից պաշտոնական պարզաբանում չի ստացել այն մասին, թե ինչ կոնկրետ խախտումների պատճառով են հայ տնտեսվարողների բեռնատարները կանգնեցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ բեռնատարների վարորդների շուրջ ստեղծված իրավիճակը անհասկանալի է նաև իր համար։ Նա հայտնել է, որ մի քանի օր առաջ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը այցելել էր Հայաստան և նշել, որ խնդիրը իրենց գերատեսչության իրավասության շրջանակում չէ, այլ վերաբերում է երկրի ֆինանսական ոստիկանությանը։
«Երկու օր անց նա կապ հաստատեց ինձ հետ և ասաց, որ որոշ ապրանքների հետ կապված ռիսկեր են տեսել։ Այնուամենայնիվ, ես խնդրել եմ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ռիսկերի մասին է խոսքը»,- նշել է Պապոյանը։
Նախարարը նաև անդրադարձել է այն վարկածներին, թե իրավիճակը կարող է պայմանավորված լինել Վրաստանի հնարավոր մտահոգությամբ՝ իր տարանցիկ դերի թուլացման վերաբերյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հավանական ապաշրջափակման ֆոնին։ Պապոյանը նշել է, որ չի կարող մեկնաբանել նման ենթադրությունները։
«Ես խնդրել եմ հստակ նշել՝ որ մեքենայի վարորդը կոնկրետ ինչ խախտում է կատարել՝ այսօր, երեկ կամ ավելի վաղ։ Եթե, օրինակ, տվյալ մեքենայի վարորդը փաստաթղթերի խնդիր է ունեցել, դա մի իրավիճակ է։ Բայց երբ մեքենաները կանգնած են, և մեզ որևէ պարզաբանում չի ներկայացվում, դա այլ իրավիճակ է»,- ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ որոշ բեռնատարներ արդեն հատել են սահմանը, սակայն որոշ խմբաքանակների և մեքենաների հետ կապված խնդիրները շարունակում են պահպանվել։
Հիշեցնենք, որ հայ բեռնատարների վարորդները հայտնել էին՝ փետրվարի 12-ից ի վեր Վրաստանից Հայաստան մուտք գործելու գործընթացը զգալիորեն բարդացել է։