Գազաբալոնների վկայագրումը պարտադիր կտեսագրվի – PanARMENIAN.Net

Գազաբալոնների վկայագրումը պարտադիր կտեսագրվի

26 փետրվարի 2026 – 14:44 AMT

PanARMENIAN.NetԳազաբալոնների վկայագրման գործընթացի տեսագրումը կդառնա պարտադիր, տեսաձայնագրությունները կպահպանվեն նվազագույնը 6 ամիս։ Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգի վերաբերյալ որոշման մեջ:

ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ վկայագրման գործընթացի նկատմամբ կիրառվող վերահսկողական մեխանիզմները եղել են թերի, ինչի հետևանքով անբարեխիղճ տնտեսվարողները հաճախ էլեկտրոնային շտեմարանում մուտքագրել են տվյալներ՝ առանց համապատասխան ծառայությունը փաստացի մատուցելու։ Այդ պատճառով անհրաժեշտ է եղել լրացուցիչ կարգավորումներ սահմանել, հայտնում է Radar Armenia-ն:

«Գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները»,- ասված է հիմնավորումների մեջ:

Որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է՝ պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

Ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմինը տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում հնարավորություն է ստանում բացահայտելու գազաբալոնների վկայագրման գործընթացի կարգավորման ենթակա բաղադրիչները՝ ոլորտի կանոնակարգման նոր նախաձեռնությունների իրականացմամբ:

Leave a Comment